HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանաձորից՝ Գորիս․ գեղեցկությունը՝ պատերազմից հետո

Ամեն գիշեր Սաթինե Դալլաքյանը քնելուց առաջ բացում է հեռախոսն ու «Տիկտոկ» սոցցանցի ադրբեջանական տիրույթում փնտրում Քաշաթաղում մնացած իր տունը։ Հաճախ գտնում է, բայց հեռվից նկարված։

-Նայեք էս նկարը, նայեք՝ մեր տան վերեւներն ա։ Չէ, սա կողքից ա․․․,- ասում է 29-ամյա կինը՝ կրկին ցույց տալով Քաշաթաղի շրջանում իրենց գյուղը՝ Իշխանաձորը։

-Ի՞նչ եք զգում հիմա,- հարցնում եմ Սաթինեին։

-Գիշերները՝ միայն լաց, տխրություն, ի՞նչ պիտի զգամ,- հայացքն առանց էկրանից կտրելու շարունակում է,- նայի, հեն ա՝ մեր գետից ձուկ են բռնում։ Սպասի մի սիրուն հատված գցեմ, նայի։ Ամուսնուս աշխատավայրն է։ Մեր տան վերեւն ա։

Սա ասելուց թեթեւ ժպիտ է հայտնվում դեմքին, հետո հայացքը մռայլվում է։

-Տանջում եք Ձեզ։

-Բա ի՞նչ անեմ, կարոտում եմ, ուզում եմ իմ տունը ներսից տեսնեմ, բայց մտածում եմ՝ եթե ավերված տեսնեմ, ի՞նչ կզգամ,- ասում է նա։ Մենք լռում ենք, Սաթինեն դեռ «Տիկտոկում» է։

Գորիսի միհարկանի տներից մեկն արդեն մի քանի ամիս Սաթինեի գեղեցկության սրահն է։ Գորիս-Կապան գլխավոր ճանապարհին է։ Այստեղ Արցախից տեղահանված ընտանիքների կարելի է հաճախ գտնել։ Նրանք, կարծես, նույն պատմությունն ունեն։

Ամռանը վարսավիրանոցի դուռը հիմնականում բաց են պահում։ Քամուց սրահի վարագույրները տարուբերվում են։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Իշխանաձորի իրենց տանն էին։ Գորիսից քիչ հեռու գտնվող Տեղ գյուղում ծնված Սաթինեն 6 տարեկան էր, երբ ընտանիքով 1999-ին տեղափոխվել էին Քաշաթաղի Գետամեջ գյուղ։ Այդտեղ տուն էին կառուցել, այգիներ մշակել, անասնապահությամբ զբաղվել։ Կյանքը, կարծես, սովորական ընթացքի մեջ էր։

Սաթինեն Գորիսում վարսավիրությունն էր սովորել, զուգահեռ նաեւ հեռակա սովորում էր Գորիսի պետական համալսարանում։ Ավարտելուց հետո մեկ ուսումնական տարի դասավանդել է Քաշաթաղի Արծվաշեն գյուղի դպրոցում։ Բայց ասում է՝ հասկացավ, որ ուսուցչությունն իր համար չէ։ «Ուզում էի անկախ լինեի, իմ բիզնեսն ունենայի»,- նշում է 29-ամյա կինը։

Սովորելու տարիներին կոսմետիկայի ցանցային առեւտրով էր զբաղվում։ Ամուսնանալուց հետո կարճ ժամանակով տեղափոխվել էին Գորիս։ Ամուսինը՝ Հարությունը, Գորիսի Վերիշեն գյուղից է։ 2018-ի սկզբին կրկին տեղափոխվել են Քաշաթաղ՝ Իշխանաձոր։ Այստեղ արդեն ամուսիններով տուն են կառուցել, ցորենի արտեր մշակել, անասնապահությամբ զբաղվել։

Սաթինեն նաեւ շրջիկ առեւտրով էր զբաղվում։ Արցախի 30-ից ավելի գյուղ էր գնում մեքենայով՝ բացառապես հագուստ էր վաճառում։ Գնում էր միայն «նպաստի կամ թոշակի օրերին»։ Ասում է՝ մինչեւ պատերազմը 4 միլիոն դրամից ավելի պարտք ուներ հավաքելու, բայց պատերազմից հետո մարդիկ հրաժարվել են վճարել՝ պատճառաբանելով դժվար ու ծանր վիճակը։

«Իմ երկու երեխաները էդ մեքենայի մեջ մեծացան՝ ճանապարհներին»,- նշում է զրուցակիցս։

Երբ պատերազմն սկսվեց, նա սպասում էր զույգ աղջիկների ծննդին։ Լիան ու Լիլին ծնվել են 2021 թ․ փետրվարին։

Հենց պատերազմի առաջին օրը Սաթինեն հարեւանի կանանց հետ երեխաներին վերցրել ու դուրս է եկել գյուղից, տեղափոխվել Գորիս։ Ջրային տնտեսությունում աշխատող ամուսինն էլ որպես կամավոր միացել էր Իշխանաձորի ինքնապաշտպանությանը։

«Գյուղից վերջին դուրս եկողներից մեկը մամաս էր։ Պատկերացնո՞ւմ եք՝ միլիմետրերով փրկվեց։ ինքը դուրս եկավ, ադրբեջանցիները պիկապներով գյուղ մտան»,- պատմում է Սաթինեն։ Դժվար է հասկանալ նրա ապրումները։

Սրահում կրկին լռություն է։ 44-օրյա պատերազմից մինչ օրս Սաթինեն որեւէ պահածո չի պատրաստում։ Ասում է՝ 2020-ի ամռանը 400-500 պահածո էր փակել, ամեն ինչ մնաց Իշխանաձորում։

«Եթե հասկանայի, որ վերջն է, մինչեւ վերջին բանը կհանեի տնիցս։ Անասուններիս կհանեի, հավերիս, խոզերիս առաջ էդքան կեր չէի լցնի, մտածում էինք՝ գնալու ենք։ 400-500 պահածո ենք փակել։ Ամուսինս քշում էր մեր «Ֆորդը», ես՝ իրա «Նիվան»։ Մեքենայով գնում էի մամայենցս տուն, փակոցներ էինք անում, մի 4-5 կմ էր մեր գյուղից։ Ամուսինս միշտ ասում էր՝ ավտոս ջարդեցիր, փակոցներդ էլ թողեցիր»,- ասում է 4 երեխաների մայրը։

Պատերազմից հետո Սաթինեն տարածք էր վարձակալել Գորիսում, որտեղ վարսահարդար էր աշխատում։ Բայց հետո, երբ Երեւանում կոսմետոլոգիայի եւ դաջվածքի դասընթացների մասնակցեց, սկսեց դրանով զբաղվել։

«Վարձակալության գումարը շատ էր։ Մտածեցի՝ ինչի՞ ուրիշին փողը տամ, ավելի լավ ա վարկ վերցնեմ, էդ փողը բանկին տամ, իսկ սալոնն էլ իմ սեփականը մնա»,- ասում է նա։

Պատերազմից հետո Իշխանաձորում թողնելով գրեթե ամեն ինչ՝ Գորիսում Սաթինեն զրոյից ձեռնարկ է սկսել։ Եղբոր անունով վարկ է վերցրել ու գեղեցկության սրահի համար տարածք ձեռք բերել Գորիսում։ Հիմա հետադարձ կետ առ կետ անդրադառնում է սրահի վրա կատարած ներդրումներին, նշում ֆրանսիացի բարերաների անուններ, ովքեր եւս օժանդակել են։ Հետո դարձյալ վերցնում է հեռախոսը՝ ցույց տալով սրահի նախկին ու ներկա տեսքը։ Ավերակների վերածված տունը դարձել է ժամանակակից սրահ։ Սաթինեն աշխատակիցներ ունի, բայց ինքն էլ զուգահեռ աշխատում է։

Միահարկ շինության գետնահարկում մատնահարդարման, կոսմետոլոգիայի, դաջվածքի հատվածն է, իսկ առաջին հարկում վարսավիրանոցն է։ Դաջվածքների մասին խոսելիս ասում է, թե Գորիսում կանայք ավելի շատ հոնքի ու շրթունքի դաջվածք են անում, քան մարմնի, անելիս էլ նախընտրում են շատ փոքր նկարներով կամ խորհրդանիշներով դաջվածնքեր։

«Իմ գործից գոհ եմ։ Մյուս սրահների համեմատ ավելի մատչելի են գները։ Գիտես՝ կարելի ա նստել տանն ու ոչ մի բան չանել ու նվնվալ։ Էդ իմը չի։ Ես պիտի մի բան անեմ»,- ասում է Սաթինեն։

Սրահի ինտերիերն ու կահույքը Սաթինեի նախագծմամբ ու ճաշակով են։ Ասում է՝ դեռ շատ գործ ունի անելու։ Սրահ մտնողներին անընդհատ զգուշացնում է գետնահարկ տանող աստիճանների մասին։ Ասում է՝ դեպքեր են եղել, երբ մարդիկ գլորվել են ցած, բայց, փառք Աստծո, վնասվածքներ չեն ստացել։

«Շատ կուզեի, որ ջրի բաք ունենանք, արեւային էներգայի պանելներ»,- ասում է Սաթինեն։

Գորիսում հաճախ են լինում ջրանջատումներ։ Մեր այցելության օրը սրահում ջուր չկար, ինչի պատճառով չկարողացան սպասարկել հաճախորդներին։ Մեր զրույցի ժամանակ մի քանի հոգու ստիպված էին խնդրել, որ հաջորդը օրը գան։ Այդ օրը խմելու ջրի շշերով հազիվ կարողացել էին սպասարկել մի տարեց կնոջ, ով կարճ մազեր ուներ։ «Բայց ամեն մեկը չի համաձայնվի, որ շշի ջրով լվանաս մազերը, սպասարկես։ Էդ կինն էլ մեզ ծանոթ էր, դրա համար համաձայնվեց», ասում է Սաթինեն։

Սրահի ապակյա սեղանին Սաթինեն անուշեղեն է դնում, աշխատակիցներից մեկն էլ սուրճն է բերում։ Ասում է՝ այստեղ եկող-գնացողին հյուրասիրում են։ Ժպտում ենք։

Հետո ժպիտը նորից կորչում է։ Սաթինեն պատմում է, որ երբ սրահի տարածքն արդեն գնել էին ու սկսել շինաշխատանքները, ամուսինը հարցնում էր, թե արդյոք չի վախենում, որ կրկնվի այն, ինչ եղավ Իշխանաձորում, որտեղ նույնպես ամեն ինչ արել էին։ «Էնտեղի նման մտածում եմ, որ մեր թիկունքն ամուր է, ո՞նց կլինի, որ մեր Գորիսն էլ տանք»,- ասում է ձեռնարկատեր կինը։

Մայրամուտի գույները լցվել են սրահից ներս։ Մենք դեռ խոսում ենք Սաթինեի անելիքներից։ Միայն վերջում է ասում, որ առողջական խնդիրներ ունի՝ ցույց տալով ոտքերը։ «Թրոմբ ունեմ, շտապ վիրահատություն ա պետք, բայց դեռ չեմ հասցնում»,- նշում է նա։

Սաթինեին խնդում եմ սրահի առաջ լուսանկարել։ Նկատելի դժվարությամբ է բարձրանում տեղից, նստելուց ոտքերն ավելի են ուռչում։  

Սաթինեն, ամուսինն ու 4 երեխաները հիմա Գորիսում վարձով են ապրում՝ մեկ սենյակում։ Ամուսինը պատերազմից հետո շարունակում է մնալ զինվորական համակարգում՝ պայմանագրային զինծառայող է։ Սաթինեն ասում է, որ թեեւ երբեմն ոմանք հարցնում են, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե սեփական տուն ունենար, ինչին ինքը միշտ պատասխանում է, որ սրահը լավագույն որոշումն է՝ կաշխատի ու մի օր տուն էլ կունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter