HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Քննչական վարչությունից՝ ՊՆ․ անհետ կորածների ծնողների հարցերին պատասխանող չկա 

Պատերազմից անցել է գրեթե 2 տարի, անհետ կորած զինծառայողների ծնողները թերթում են իրենց որդիների լուսանկարներով հաստափոր ալբոմը։ Մոտ 400 մարդու նկար կա այնտեղ, որոշների տակ գրված է՝ զոհված, և աճյունի քառանիշ նույնականացման կոդը։ Ալբոմի լուսանկարներից շուրջ 270-ի տակ որևէ բան գրված չէ, դա նշանակում է, որ նրանց դեռ փնտրում են։ 

2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները հիմնադրել են «Լույսի ճրագ» հասարակական կազմակերպությունը։ Նրանք պարբերաբար հավաքվում են իրենց գրասենյակում, քննարկում, թե էլ ինչ կարող են անել, էլ ում կարող են դիմել, կամ ով կկարողանա իրենց որդիների ու եղբայրների մասին մի նոր տեղեկություն տալ։

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ծնողները հավաքվել են ու որոշել գնալ Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժին։ Այստեղ նրանց առաջարկել են հերթով ներս մտնել, մանրամասներ տրամադրել իրենց որդիների գործերի վերաբերյալ։ Դրանից հետո քննչական վարչությունում խոստացել են մի քանի օրվա ընթացքում յուրաքանչյուրի գործի ընթացքի մասին մանարամասներ հայտնել։ Ծնողներն ասում են, որ իրենց հետ ցանկանում են առանձին-առանձին հանդիպել, քանի որ էդպես ավելի հեշտ կլինի խուսափել պատասխաններից և մոլորեցնել։

«Ես իրեն հարցնում եմ՝ տղայիս գործից ի՞նչ նորություն կա, ինքն ինձնից ա տեղեկություն հարցնում։ Ախր իրանք էդ գործերը արդեն անգիր պիտի իմանային, ոչ թե մեզնից հարցնեին»,- ասում է ծնողներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ։ 

Մոտ 20-25 հավաքվածները քննչական բաժնում խնդրել են հանդիպում կազմակերպել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի հետ։ Ծնողներին պատասխանել են, որ նա արձակուրդում է, երբ վերադառնա, կփոխանցեն։ 

«Ասացինք, որ ուզում ենք տեսնել նաև Ռաֆայել Վարդանյանին՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին, հարցնել, թե ինչու մինչև հիմա ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, կամ շատ դանդաղ է առաջ գնում, պատասխանեցին, որ նա նույնպես արձակուրդում է ու երկրում չէ»,- ասում է զոհված զինծառայողի հայր Արտակ Գասպարյանը։

Հերթական անարդյունք փորձից հետո ծնողները նորից հավաքվում են գրասենյակում, վերհիշում, թե արդեն որերորդ անգամն է, որ իրենցից մի քանի օր ժամանակ են խնդրում, որպեսզի վերջում ոչինչ չասեն։ 

Գրասենյակի պատերին տղաների լուսանկարներն են ամրացված՝ վրան նշումներով։ Ծնողներից ոմանք իրենց տղաների նկարներն են ցույց տալիս, հետո համեմատելու համար՝ ադրբեջանական տեսանյութերից կադրեր, որոնց մեջ երևացողներին իրենց որդիներին են նմանեցնում՝ դիմագծերով, խալերով, սպիներով։ 

«Անձամբ ես գիտեմ, որ իմ տղան էլ հետ չի գալու, բայց ես չեմ ուզում, որ սենց դեպքեր էլի լինեն։ Ի՞նչ ա նշանակում պատերազմի դաշտում անհետ կորած, կռվի ժամանակ կա՛մ զոհվում են, կա՛մ գերի ընկնում։ Իսկ եթե զոհվել են, ապա ո՞նց ա հնարավոր՝ գոնե մի փոքր կտոր իրանցից մնացած չլինի»,-ասում է մեկ այլ ծնող, որը ևս չցանկացավ ներկայանալ։

Վրդովված ծնողները քննարկում են, թե էլ ուր կարելի է գնալ։ Որոշում են բոլորով գնալ Պաշտպանության նախարարություն։ Այստեղ նրանց ընդունում է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Վերջինս ծնողներից մի քանիսի հետ առանձնազրույց է ունենում։ Զրույցից հետո Արտակ Գասպարյանն ասում է, որ իրենք այստեղ ևս խնդրել են պաշտպանության նախարարին տեղեկացնել, որ ուզում են հանդիպել Ջալալ Հարությունյանին, նախարարից ակնկալում են միջնորդություն կամ որևէ հանձնարարական։

Անհետ կորած զինծառայողների ծնողներին երեկ միացել էին նաև այն ծնողները, որոնք իրենց որդիներին արդեն հուղարկավորել են։ Նրանք խմբի ձևավորման պահից միասին են ու երեկ էլ միասին եկել են, նստել Պաշտպանության նախարարության ընդունարանում ու փորձում մոտավոր կռահել, թե այս անգամ ինչ նոր պատճառաբանությամբ կամ խոստմամբ իրենց դարպասներից դուրս կհանեն։

Վերադարձի ճանապարհին Արթուրը, որ պատերազմի ժամանակ որպես կամավոր եղել է Ջրականում, ասում է, որ իր հարազատներից անհետ կորածներ չկան, բայց եկել է իր ընկերների համար, նրանց համար, որոնց հետ կռվել է, բայց նույնիսկ չի էլ ճանաչել։ 

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա։

-Մետրոպոլիտենում եմ աշխատում, նաև տաքսի եմ քշում։ Առաջ խոհարար էի։

-Բա ինչի՞ թողեցիք, լավ գործ չէ՞ր։

-Լավ էր, Պաշի հետ էի աշխատում համարյա միշտ, հետո ինքը պատերազմում զոհվեց։ Դրանից հետո հենց մի բան էի սարքում, անկախ ինձնից ասում էի՝ Պաշ, էս ինչ բանը փոխանցի՛։ Էսօր իր նկարով շապիկ էի վերցրել հետս, մտածում էի, որ մեծ ցույց լինի կհագնեմ, բայց էդտեղ դրած ա, չհագա։

ՊՆ-ի շենքից դուրս գալուց հետո ծնողները հիշեցնում են, որ եթե մի քանի օրից Զինվորական քննչական գլխավոր վարչությունը պատշաճ տեղեկություններ չտրամադրի իրենց որդիների մասին, ապա իրենք պատրաստ են ավելի կտրուկ ու խիստ գործողությունների դիմել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter