Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կատարի եռակողմ հայտարարությամբ իր պարտավորությունները»
Կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ կատարի եռակողմ հայտարարությամբ սահմանված իր պարտավորությունները։ Այդ մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ադրբեջանն իր բնույթով չի ցանկանում, որ իր տարածքում լինեն ինչ-որ անօրինական զինված տարրեր։ Եռակողմ հայտարարության պահից անցել է գրեթե երկու տարի։ Կարևոր է, որ Հայաստանը որքան հնարավոր է արագ կատարի իր պարտավորությունները»,- հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով վերջին օրերին Արցախում հայ-ադրբեջանական լարվածության մասին հարցին։
Էրդողանի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմը ևս Հայաստանին և Ադրբեջանին սթափության կոչ է արել։
Իրավիճակը վերջին օրերին բավականին լարված էր Արցախում։ Պաշտպանության բանակի տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և օգոստոսի 6-ի առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Վերջին օրերին, սակայն, հայկական կողմն ունեցել էր կորուստներ՝ հիմնականում անօդաչուներից արձակված կրակի պատճառով։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել