Յաիր Լապիդն ու Բենյամին Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում իրականացվող գործողությունները
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի օրը հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում տեղեկացրել է անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մասին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի ռազմական քարտուղար, գեներալ մայոր Ավի Գիլը։
Երկու քաղաքական գործիչների հանդիպումը կայացել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի նոր ռազմական գործողության ֆոնին, որն ստացել է «Արևածագ» անվանումը։ Հանդիպումից հետո Բենյամին Նեթանյահուն, որն Իսրայելի վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2009-2021 թվականներին, լրագրողներին հայտարարել է, որ Գազայի հատվածի հարցում աջակցում է գործող կաբինետի գործողություններին։
«Մեզ մոտ հիմա մարտական գործողություններ են ընթանում։ Ես ամբողջությամբ աջակցում եմ կառավարությանը, Իսրայելի պաշտպանության բանակին և անվտանգության ուժերին։ Ես մանրամասն զեկույց եմ ստացել, ուշադրությամբ այն լսել եմ և մի քանի խորհուրդ եմ տվել սեփական փորձից։ Կարծում եմ, դրանք կարող են շատ օգտակար լինել Իսրայելի համար»,- ասել է քաղաքական գործիչը, որի խոսքերը մեջբերել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Նեթանյահուն առաջին անգամ է մասնակցել համանման խորհրդակցության։ Չնայած խորհրդարանական ընդդիմության առաջնորդի դիրքը նրան ստիպում է պարբերաբար այցելել վարչապետի հետ անվտանգության հարցերով խորհրդակցությունների, մինչ օրս Նեթանյահուն հրաժարվում էր մասնակցել դրանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սկսել է խոցել Գազայի հատվածում գործող «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման թիրախներն ու առաջնորդներին։ Երեք օրվա ընթացքում արմատականներն Իսրայելի ուղղությամբ արձակել են մի քանի հարյուր հրթիռ, իսկ իսրայելցի զինվորականները հարվածներ հասցրել Գազայի հատվածի բնակավայրերին, որտեղ, ըստ հրեական պետության, տեղակայված են ահաբեկչական խմբավորման դիրքերը։
Լուսանկարը՝ Marc Israel Sellem/POOL/Flash90
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել