
Վթարային շենքերի հիմնախնդրի կարգավորման համար՝ լիազորող նորմեր Կառավարությանը
Կառավարությունը մտադիր է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) շենքերի բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով լիազորող նորմեր սահմանել:
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Քաղաքաշինության մասին» օրենքում, նախագիծն ուղարկվել է խորհրդարան:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ Հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում մայրաքաղաք Երևանին՝ 120 բազմաբնակարան շենք, Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք:
Վթարային 4-րդ աստիճանի է, այսինքն՝ քանդման ենթակա ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):
Նախագծում հիշեցում կա առ այն, որ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և հաստատվել է բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը:
Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է:
Ըստ գործադիրի՝ նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել և ընդունել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված ակտերը, այնուհետև դրանցով սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն՝ իրագործել հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր:
Նախատեսված է, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովի այդ օրենքից բխող Կառավարության որոշումների ընդունումը:
Այսպիսով՝ Կառավարությունը սահմանում է ուժեղացման, վերակառուցման և քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը:
Նշենք, որ նախագիծը նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:
Լուսանկարում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը:
Մեկնաբանել