
Ռուս խաղաղապահներն արձանագրել են Սոթքի հատվածում հայ զինծառայողի վիրավորման դեպքը
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում ՀՀ զինված ուժերի զինծառայողի վիրավորման դեպքը։ Այդ մասին նշված է խաղաղապահ զորախմբի օգոստոսի 7-ի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
«Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժմի խախտման մեկ դեպք է գրանցվել՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորել է, կողմերին շփման գծի խախտումներ չեն թույլատրվել»,- նշված է խաղաղապահների տեղեկագրում։
Նշենք՝ այս դեպքի մասին առաջին հայտնեց վիրավոր զինծառայողի ազգականներից մեկը։ Անահիտ Գևորգյան ֆեյսբուքյան օգտատերը գրառում էր կատարել՝ նշելով, որ օգոստոսի 6-ին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցիների արձակած կրակոցից վիրավորվել է իր եղբորորդին։
Այս գրառումից րոպեներ անց Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարը՝ արխիվային / © Հետք
Մեկնաբանել