HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արկածային էկոճամբար՝ բլրի վրա․ երկրաբան ու տնտեսագետ ամուսիններն իրենց տան բակը ճամբար են դարձրել

Ամռան աստղազարդ գիշերներին Կապանի Բեխ թաղամասում Վահագն Հայրապետյանը հանում է աստղադիտակն, ու հյուրերը նայում են Սատուրնին, Յուպիտերին, իսկ լուսաբացի կողմ՝ Վեներային ու Մարսին։ Բլրի վրա գտնվող նրանց տան բակն արդեն մեկ տարի արկածային էկոզբոսաշրջության վայր է դարձել։

44-օրյա պատերազմի օրերին այստեղ լսելի էին կրակոցները, որոնք հնչում էին Կապան-Կովսական (Զանգելան) առաջնագծում։ Այդ ժամանակ Վահագնն ու կինը՝ Սոնա Կարապետյանը, զբաղված էին իրենց բակային տաղավարը պատրաստելով։

Արդյունքում՝ 2021 թ․ Բեխի այս տան բակում վրանային ճամբար է բացվել։ Ամուսինները ճամբարի անունը դրել են «Hilltop Camping»: «Հիլթոփ» անգելերենից թարգմանաբար նշանակում է բլրի գագաթ, բայց ճամբարի հիմնադիրները ժպիտով նկատում են, որ այստեղ բառախաղ էլ կա․ իրենց ընտրած անունը մեկ տառով է տարբերվում «Հիլթոն» համաշխարհային հյուրանոցային ցանցի անունից, այնպես որ եթե զբոսաշրջիկները համացանցում «Հիլթոն» որոնելիս պատահաբար «Հիլթոփ» գրեն, նաեւ կարող են իրենց գտնել։

Վահագնը պատմում է, որ առաջին տարում իրենց հյուրերը հիմնականում ներքին զբոսաշրջիկներն էին՝ հայաստանցիները, մինչդեռ դրանից հետո Բեխի այս ճամբար են բարձրանում հիմնականում եվրոպական երկրներից՝ Գերմանիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ժամանած տուրիստները։

Այս տարվա առաջին հյուրը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի տրամբոնահարն էր, որն իր մեքենա-տնակով շուրջ երեք ամիս շրջագայել էր՝ հասնելով Հայաստանի հարավային այս քաղաք։ Սոնան ասում է՝ օտարերկրացի հյուրը ելույթի էր պատրաստվում, եւ նույնիսկ նվագեց իրենց համար, չնայած այդ երաժշտությունն առաջին անգամ պիտի հնչեր համերգի ժամանակ։

Բեխը Մեծ Հայքի Սյունիք նահանգի Կովսական գավառի հայտնի գյուղերից էր, 1963-ին գյուղը մտցվել է Կապանի շրջագծի մեջ՝ դառնալով քաղաքի թաղամաս։ Գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով։ Դրա տարածքում են (բուն գյուղից քիչ հեռու) Հալիձորի բերդը (10-18-րդ դդ․), Հալիձոր գյուղատեղիի ավերակները (միջնադար), բուն գյուղի տարածքում են գտնվում Սուրբ Գեւորգ եկեղեցին (17-րդ դ․) եւ Դավիթ Բեկի զորավարներից Բալի Մելիք-Փարսադանյանի տապանաքարը (1791 թ․), գյուղից հարավ է Բեխի անապատ (Տանձափարախի անապատ, Արիստակես անապատ) վանական համալիրը (10-17-րդ դդ․)։  

Վահագնն ու Սոնան Կապանից են։ Վահագնը տնտեսագետ է, Սոնան առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, երկրորդով՝ երկրաբան, այս մասնագիտությամբ էլ արդեն 6 տարի աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։

Բակի բացօթյա տաղավարում Սոնան բացում է փայտե տուփը, որի մեջ Կապանի քարերի պատմության մի մասն է։ Քարերը նա հավաքել է քաղաքի տարբեր կետերից։ Երբ հյուրեր են ունենում, Սոնան չի հոգնում ամեն անգամ բացել այս տուփն ու հերթով ցույց տալ քարերը, պատմել դրանց ծագման ու արժեքի մասին։ Քարերը գրավում են ոչ միայն մեծահասակներին, այլեւ փոքրերին։

Բեխի այս տունը ժամանակին գնել է Վահագնի հայրը։ Ամուսինները չնայած Կապանում բնակարան ունեն, նախընտրում են հենց այստեղ՝ անտառի մոտ ապրել։ Վրանային ճամբար հիմնելու միտքը ծագել է արտերկրից ժամանած իրենց ընկերներին հյուրընկալելու ընթացքում։ «Ընդհանրապես, արտասահմանից շատ ընկերների էինք հյուրընկալում, ասում էին՝ էստեղ մի հյուրանոց լիներ, մարդ մնար»,- հիշում է Սոնան։

Խնամված բակով ու այգով տարածքը գրեթե ամբողջությամբ զբոսաշրջիկների հայեցողության տակ է։ Նրանք կարող են մասնակցել այգեգործական աշխատանքներին, խորոված պատրաստել, օգտվել լողավազանից, աստղադիտակով նայել գիշերային երկինքը, վարձույթով լեռնային հեծանիվներ վերցնել, շրջել գյուղով ու արշավների գնալ Բեխի անտառներում, որոնք Խուստուփ լեռան լանջերին են։ Սոնան նկատում է՝ ծառայությունները շատ են, քանի որ «Հիլթոփը» միայն ճամբար չէ, այլեւ արկածային էկոճամբար։

Բակի ազատ տարածքում դեռ մեկ վրան է։ Արտաքնապես այն փոքր է թվում, բայց ներսից բավական ընդարձակ է, նախատեսված է 4 հոգու համար։ Վահագնն ու Սոնան մեր այցի նախորդ օրն էին ճանապարհել վերջին հյուրերին։ Ասում են՝ երբեմն գալիս են առանց նախապես տեղեկացնելու։

Տարածքում տեղավորվում է 4 վրան, այսինքն՝ միասին առավելագույնը 16 հոգի կարող են ընդունել։ «Մեծ պոտենցիալով փոքր ճամբար ենք»,- նկատում է Սոնան։ Ճամբարում ոչ միայն վրան են տրամադրում, այլեւ ընդունում են հյուրերի, ովքեր գալիս են իրենց սեփական վրաններով։

Վրանային հարթակին կից են բաց տաղավարն ու խոհանոցը։ Քիչ ներքեւ լոգարանն է։ Սոնան ասում է՝ հյուրերը կարող են իրենց ձեռքով ճաշ պատրաստել, բայց եթե ցանկանում են, ինքն էլ է պատրաստում։

«Ամեն ինչ կա ճամբարի տարածքում։ Ճանապարհի մարդը միայն կհասկանա․ միշտ մտածում ես՝ մի տեղ հասնեմ, ամեն ինչ պատրաստ լինի։ Ամենաշատը սնունդն են հավանում՝ հիլթոփյան նախաճաշ, ճաշ, ընթրիք, միշտ աշխատում եմ հայկական բան լինի մեջը»,- նշում է մեր զրուցակիցը։

Քիչ անց Սոնան խոհանոցից բերում է Բեխի անտառներից հավաքած ուրցով թեյը, ապա՝ իր պատրաստած քաղցրավենիքը։ Մայրամուտին դեռ ժամեր կան, եւ արեւի շողերն ուղիղ տաղավարի մեջ են։ Վահագնը փակում է վարագույրը։

Էկոճամբարում ծխելը խստիվ արգելված է։ Դրա համար առանձնացված ծխարան կա տան հետեւում։ Սոնան ասում է՝ ցավոք, հայաստանցիներն ավելի շատ են խախտում ճամբարի այս կանոնը։

Սոնան ու Վահագնը երկու դուստր ունեն՝ 11-ամյա Միրան ու 3-ամյա Սոֆյան։ Մեր այցելության օրն ընտանիքը որոշել էր վրանում գիշերել, քանի դեռ հյուրեր չունեին։

Բակի կատուները մագլցում են վրանի վրա, ճանկռում այն, մենք հեռվից հետեւում ենք նրանց խաղին։ Հաղարջի թփի վրա դեռ բերք կա։ Սոնան ամբողջությամբ չի քաղել, հյուրերին է թողել։

Ճամբարի ընդլայնման մասին ենք խոսում։ Ամուսինները պատասխանում են․ «Որ խաղաղություն լինի, քայլ-քայլ առաջ ենք գնալու»։

Վահագնը հյուրերի ցանկության դեպքում նաեւ դրոնով նկարահանումներ է անում։ Սոնան ասում է՝ թռչնի թռիչքի բարձրությունից երեւացող Կապանը լրիվ ուրիշ է։ Հետո շարունակում է, թե թռչուններն ավելի բախտավոր են, քանի որ տեսնում են այդ ամենը, իսկ մենք փոքր կադրերով ենք սահմանափակվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter