HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը՝ Շախմատային Օլիմպիադայի փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցավ 44-րդ Շախմատային Օլիմպիադան, որի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն և դարձավ Օլիմպիադայի փոխչեմպիոն։

Վերջին տուրից առաջ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները 17-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն ուզբեկները լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում էին մեր հավաքականին։ Ուստի, վճռորոշ տուրում անհրաժեշտ էր, որ Ուզբեկստանի հավաքականը չհաղթեր, իսկ Հայաստանի հավաքականը հաղթանակ տաներ, սակայն իրադարձությունները մեզ համար ցանկալի սցենարով չընթացան։

Հայաստանի ընտրանու մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր։ Առաջին խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սպիտակներով առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Մյուս խաղատախտակներին Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքիներ խաղացին։ Արդյունքում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարավ։

Ուզբեկստանի ընտրանին վերջին տուրում մրցում էր Նիդերլանդների հավաքականի դեմ։ Ուզբեկները ևս հաղթանակ տարան 2,5։1,5 հաշվով։ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները 22 հնարավորից վաստակեցին 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը ուզբեկների կողմն էր, և պատմության մեջ առաջին անգամ նրանք դարձան Շախմատային Օլիմպիադայի չեմպիոն։ Բրոնզե մեդալներն էլ բաժին հասան Հնդկաստանի երկրորդ հավաքականին։

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջնության ընթացքում տարավ 9 հաղթանակ, խաղաց մեկ ոչ-ոքի (ԱՄՆ-ի հետ) և կրեց մեկ պարտոթյուն (Ուզբեկստան)։ Մեր հավաքականը հաղթանակներ է տարել Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստան-2-ի, Հնդկաստանի, Ադրբեջանի և Իսպանիայի ընտրանիների նկատմամբ։

44-րդ Շախմատային Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց ընտրանին հանդես եկավ հետևյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրոսյան (պահեստային), մարզիչ՝ Արման Փաշիկյան։

Կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 16 միավոր։ Նույնքան միավոր ունեին ևս 8 երկրների հավաքականներ։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի կանանց ընտրանին զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ 18 միավորով կանանց Օլիմպիադայի հաղթող դարձավ Ուկրաինայի հավաքականը։

Լուսանկարը՝ Stev Bonhage-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter