HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Տուգանվել ենք թերլիցքավորման համար». պատգամավորների նախաձեռնությունը՝ հեղուկ վառելիքի լիցքավորման կետերի վերաբերյալ

Հեղուկ վառելիքի թերլիցքավորման հայտնաբերման դեպքում բաշխիչ կայանի վրա կարող է մեկ ամիս ժամկետով փակցվել «տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ: Նման օրենսդրական նախաձեռնություն են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ:

Ցուցանակի ձևը և տեղադրման կարգը հաստատում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իրավակարգավորումները պատշաճ կերպով չեն կարգավորում հեղուկ գազի, բնական գազի, բենզինի ու դիզվառելիքի սպառողների և վերը նշված վառելիքի տեսակները մատակարարողների միջև իրավահարաբերությունները:

Ըստ նախագծի հեղինակների՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի և դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ և լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն:

Պատգամավորների համոզմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել անցնել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ առաջարկվում է տուգանքը սահմանել կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը: Իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար) և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5%-ի չափով:

Բացի այդ, օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր:

Նշենք, որ նախագիծը նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էկոնոմիկայի նախարարությունը նույն օրենքում փոփոխություններ էր առաջարկում, ըստ նախագծի՝ գազալցակայաններում և բենզալցակայաններում վառելիքաբաշխիչ աշտարակների վրա պետք է տեղադրվեին սարքեր, որոնք հնարավորություն կտային վերահսկողություն իրականացնել հեղուկ վառելիքի լիցքավորման պրոցեսի նկատմամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այդ թեմայով աշխատանքային քննարկում էր հրավիրվել այս տարվա մարտին, որի ժամանակ պատգամավորները բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սարքի գինը կարող է տատանվել մեկ միլիոնից մինչև 1,2 միլիոն դրամի սահմանում, ինչն ըստ օրենսդիրների` տնտեսվարողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter