HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիմ Չեն Ընը հանդիսավոր հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթանակի մասին և հրամայել չեղարկել հակահամաճարակային միջոցները, որոնք ներդրվել էին մայիս ամսին։ Այդ մասին օգոստոսի 11-ին հայտարարել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ 

Հակահամաճարակային միջոցառումներին նվիրված նիստի ժամանակ Կիմ Չեն Ընը «հանդիսավոր հայտարարել է արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին»՝ ժողովրդին կոչ անելով պահպանել աչալրջությունը և հսկողության միջոցներ կիրառել սահմանամերձ շրջաններում՝ հաշվի առնելով ողջ աշխարհում կապկի ծաղիկի և COVID-19-ի այլ տեսակների տարածումը։

Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հայտնել էր երկրում «տենդով» վարակման առաջին դեպքի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուսային վարակ։ Մինչ այդ, համավարակի ողջ ընթացքում, Փհենյանը հայտարարում էր հիվանդության դեպքերի բացակայության մասին։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ «տենդով» վարակվածների ընդհանուր թիվը ապրիլի վերջից ի վեր Հյուսիսային Կորեայում հասել էր 4,8 միլիոնի, մահացել էր 74 մարդ։

Հանդես գալով նույն հանդիպման ժամանակ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Ե Չժոն հայտնել է, որ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում «տենդի համավարակի» ժամանակ լուրջ հիվանդացել է։ «Չնայած նրան, որ նա բարձր ջերմությամբ ծանր հիվանդ էր, նա չկարողացավ ոչ մի րոպե պառկել՝ մտածելով մարդկանց մասին, որոնց համար նա պետք է հոգ տանի հակահամաճարակային պատերազմի պայմաններում»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։ 

Կիմ Ե Չժոն մանրամասներ չի հայտնել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին, սակայն Հարավային Կորեայի իշխանություններին մեղադրել է Հյուսիսային Կորեայում «COVID-19-ի ներթափանցման հրահրման մեջ»։ Նրա խոսքով՝ Հարավային Կորեայից ԿԺԴՀ են ուղարկվում թռուցիկներ և իրեր, որոնց միջոցով տարածվում է «չարորակ վիրուսը»։

Զուգահեռաբար, աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, հասել է 587 միլիոն 502 հազար 315-ի։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման մեկնարկից ի վեր մահացել է 6 միլիոն 427 հազար 422 մարդ։

Լուսանկարը՝ Rodong Sinmun-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter