
ԱՄՆ-ն չի սահմանափակում ռուսաստանցիներին մուտքի վիզայի տրամադրումը. Պետքարտուղարություն
Ռուսաստանցիների համար վիզայի տրամադրման և ԱՄՆ մուտքի որևէ սահմանափակում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջուլի Սթաֆթը, որը համակարգում է վիզաների տրամադրման հարցերը։
Սթաֆթի խոսքով՝ չնայած հիմա Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը չի ընդունում վիզայի տրամադրման դիմումներ «դեսպանության աշխատանքի նկատմամբ ՌԴ իշխանությունների սահմանած սահմանափակումների պատճառով», Ռուսաստանի քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել և վիզա ստանալ ցանկացած այլ երկրում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից։
«Եվ նրանք դա անում են պարբերաբար, մենք դա ողջունում ենք»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի օր առաջ Արևմուտքի երկրներին կոչ էր արել դադարեցնել մուտքի վիզա տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին և ՌԴ հետ ուղարկել բոլոր նրանց, որոնք արդեն իսկ գտնվում են Արևմուտքում։
Եվրոպայում հիմա ակտիվ քննարկումներ են ընթանում ռուսաստանցիներին շենգենյան վիզայի տրամադրումը դադարեցնելու շուրջ՝ պայմանավորված Ուկրաինայում պատերազմով։ Համապատասխան առաջարկը պաշտոնապես դրվել է քննարկման։ Սպասվում է, որ այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը վիզայի տրամադրման փաստաթղթեր չի ընդունում 2021 թվականի մայիսից։ ԱՄՆ-ում դա բացատրել են անձնակազմի թվաքանակի անբավարարությամբ։ Մինչ այդ Ռուսաստանն ԱՄՆ-ին ներառել էր «ոչ բարեկամական երկրների» թվում, ինչն անհնարին էր դարձնում դիվանագիտական ներկայացուցչություններում ռուսաստանցի աշխատակիցներին աշխատանքի ընդունելը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել