HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։

Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։

Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է ՔՊ-ի ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։

Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալն էլ Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։

Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար

Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021թ․ հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter