Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Հովսեփյանի գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նշենք, որ պաշտպանները միջնորդել էին հրատապ նիստ հրավիրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվող Հովսեփյանի առողջական վիճակը վատացել է:
Երեկ Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հայտնել է այն մասին, որ Հովսեփյանը «Նաիրի» բժշկական կենտոնից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:
Հովսեփյանը կալանքի տակ է գտնվում սեպտեմբերի 7-ից, այսինքն՝ շուրջ մեկ տարի: Նա, ըստ մեղադրանքի՝ 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում: Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում:
Մեկնաբանել