HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե Արցախը մնա առանց Հայաստանի հետ կայուն կապ ապահովող ճանապարհի, դա կլինի ՀՀ ղեկավարության անհեռատեսության ու բացառիկ ապիկարության եւս մեկ ապացույց»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, երկու շաբաթից Ադրբեջանին են հանձնվելու Բերձորն ու Աղավնոն։ Կարծում եք՝ սա ներքին պայմանավորվածությա՞ն հետեւանք է, թե՞ Ադրբեջանի նոր սադրանքների։ Հայաստանը կարո՞ղ է հետ կանգնել այդ քայլից եւ ո՞ր դեպքում։

-Իմ կարծիքով՝ ներքին պայմանավորվածություն եղել է: Այնպես չէ, որ վարչապետ Փաշինյանը քնել-զարթնել է ու իմացել, որ ադրբեջանական զինուժն առաջ է շարժվում ու պահանջում, որ Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնվեն, իսկ հայ բնակչությունն էլ պետք է հեռանա: Մինչ այդ էլ ադրբեջանական կողմը մեր իշխանություններից «ծածուկ» նոր ճանապարհ է կառուցել, քանի դեռ մերոնք քնած էին: Հիմա էլ, երբ արդեն զոհեր ու վիրավորներ ենք տվել, իսկ տեղի բնակչությանը տներից հեռանալու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը, պաշտոնական Երեւանն արթնանում եւ ասում է, որ ադրբեջանական կողմը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն էլ, այժմ մեկնաբանելով ստեղծված իրավիճակն, ասում է, որ գործընթացը պետք է համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին: Ռուս պաշտոնատարը տեղեկացնում է նաեւ, որ օգոստոսի վերջին տեղի է ունենալու ՀՀ, ՌԴ եւ ԱՀ նախագահների հանդիպում: Ենթադրում եմ, որ այդ հանդիպան ընթացքում, եթե այն տեղի ունենա մինչեւ օգոստոսի 25-ը, Բերձորի եւ մյուս բնակավայրերի հանձնումը կարող է հետաձգվել կամ չեղարկվել ռուսական կողմի միջամտության շնորհիվ, ինչն իր դրական արձագանքը կստանա Հայաստանում եւ Արցախում: Այս տարբերակը հնարավոր է, բայց դրա հավանականությունն այս պահին շատ բարձր չեմ գնահատում:

-Եթե Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ քննադատում են Ադրբեջանին, բողոքում են, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը հերթական անգամ, ի՞նչն էր նրանց խանգարում հակաքայլեր ձեռնարկել այն ժամանակ, երբ Ադրբեջանը բոլորի աչքի առաջ նոր երթուղի էր կառուցում, ինչպես հայկական կողմն է պնդում, առանց նախագծի հաստատման։

-Սա, ինչ խոսք, տարակուսելի պահվածք է: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդիկ նախ ետնաբեմային գաղտնի պայմանավորվածությունների են գնում, ապա ուշացած, հրապարակավ փորձում են բոլորին համոզել, որ իրենք եւս անակնկալի են եկել կատարվածից ու հիմա էլ ապօրինի են հռչակում այն, ինչին իրենց համաձայնությունն էին նախապես տվել: Ու եթե տեղի բնակչության վտարման գործընթացն ու Բերձորի՝ օգոստոսի 25-ի հանձնումը հետաձգվի կամ կասեցվի, ապա կշահեն եւ քաջարի հայ իշխանավորները եւ մարդասեր ռուս ղեկավարները, եւ գթասրտություն դրսեւորած ադրբեջանական կառավարիչը: Իսկ եթե ոչ, ապա դա կլինի հայ կառավարիչների հերոսական, բայց անպտուղ դիմադրության հերթական դրվագը: Ամեն դեպքում այս գործընթացը իրականացվում է մեր զինվորների կյանքի ու առողջության գնով, ինչպես նաեւ բռնագաղթի պարտադրանքի փաստի առջեւ հայտնված տեղի հայության կյանքը դժոխքի վերածելու միջոցով:

-Արցախ-Ադրբեջան շփման գծում օգոստոսյան լարումից հետո Փաշինյանը սլաքները նորից ուղղեց ռուս խաղաղապահների ուղղությամբ, ինչին հետեւեց Լավրովի պատասխանը, որ Երեւանը մինչ այս չի ներկայացրել համապատասխան առաջարկներ։ Փաստորեն, նորից ականատես ենք Երեւան-Մոսկվա դիվանագիտական «փոխհրաձգության»։ Ինչպե՞ս կբացատրեք կատարվածը։

-Սա կատարվածի համար քաղաքական պատասխանատվությունը լղոզելու տիպական օրինակ է: Իմ կարծիքով Փաշինյան-Լավրով առերեւույթ դիմակայությունը թույլ է տալիս ասել, որ ՀՀ իշխանություններն անհավասար քաղաքական մարտի են բռնվել ռուսական պաշտոնատարների հետ եւ փորձում են արիաբար պաշտպանել հայության շահերը: Ես այդ ուշացած հրապարակային դիմակայության դրդապատճառների անկեղծությանը մեծ վերապահումներով եմ վերաբերվում:

-Ստացվել է իրավիճակ երբ Փաշինյանի կառավարությունը փաստի առաջ է կանգնեցրել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, որոնք մինչեւ 2023-ի գարուն՝ Հայաստանի կողմից ճանապարհի կառուցումը, պետք է միմյանց կապվեն ժամանակավոր երթուղով, ինչը կարող է ռիսկային լինել անխափան կոմունիկացիայի առումով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի կառավարության նման վարքագիծը։

-Տեսնենք, թե օգոստոսի վերջերին կայանալիք ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ինչ կոնկրետ արդյունքներ կգրանցվեն: Այդուհանդերձ, եթե Բերձորն ու մյուս բնակավայրերը հանձվեն թշնամուն, եւ Արցախը մնա առանց Հայաստանի հետ կայուն կապ ապահովող որակյալ ճանապարհի, ապա դա կլինի ՀՀ քաղաքական ղեկավարության անհեռատեսության ու բացառիկ ապիկարության եւս մեկ ծանրակշիռ ապացույցը:

-Այն բանից հետո, երբ Իրանի հոգեւոր առաջնորդը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներին դեմ առ դեմ հայտնեց Իրանի հստակ դիրքորոշումը հայ-իրանական սահմանի վերաբերյալ, այդ սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտարարեց, որ վերջին շրջանում այնտեղ լարված օպերատիվ իրավիճակ է, արձանագրվում են սահմանի խախտման դեպքեր ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, եւ բերեց 2021 թ սահմանի խախտման նման օրինակ։ Ի՞նչ հետեւություն պետք է անել այս երկու հայտարարությունների հաջորդականությունից։ Արդյոք ռուսական կողմը հեռակա պատասխանել է Իրանին։

-Հայ-իրանական սահմանի վերահսկողությունը հանձնված է ռուս սահմանապահներին, որոնք, տեսականորեն, չեն կարող որեւէ գործողություն իրականացնել առանց հայկական կողմին իրազեկելու: Պետք է հիշենք նաեւ, որ Ռուսաստանի համար դեպի Եվրոպա տանող միակ վստահելի ցամաքային ճանապարհն այժմ անցնելու է Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով, եւ այդ առումով Հայաստանը ռուսական շահերի համատեքստում նոր կարեւոր դերակատարում է ստանում, ու այդ իսկ պատճառով Մոսկվան Իրանի մտահոգությունները ստորադասելու է սեփական շահերին ու ռազմավարական նպատակներին: Ի դեպ, Թուրքիան էլ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին չի արգելափակի հենց միայն նրա համար, որ Ռուսաստանն իրեն շրջանցող այլընտրանքային ցամաքային ճանապարհ չունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter