HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Hürriyet. Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը ավելի քան 500 հեռախոսազանգ են ունեցել

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը 2021 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ պաշտոնապես նշանակվեցին որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման բանակցողներ, ունեցել են ավելի քան 500 հեռախոսազանգ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել թուրքական առաջատար պարբերականներից մեկը՝ Hürriyet-ը՝ չնշելով նման տեղեկատվության աղբյուրը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր փուլի է հասել։ <...> Այդ կապակցությամբ երկու երկրների ներկայացուցիչները կհանդիպեն սեպտեմբերին՝ տեխնիկական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար։ <...> Մինչ օրս նրանք (խմբ. Ռուբինյանն ու Քըլըչը) ավելի քան 500 հեռախոսազանգ են ունեցել»,- գրում է պարբերականը։

Hürriyet-ի փոխանցմամբ՝ քննարկումներին մասնակցելու են նաև երկու երկրների տրանսպորտի, արտաքին գործերի և տնտեսական բլոկի նախարարությունների ներկայացուցիչները, որոնք քննարկելու են տեխնիկական բնույթի հարցեր։ Հավանաբար, կողմերը կքննարկեն դեռևս հուլիսի 1-ի հանդիպումից հետո ձեռքբերված պայմանավորվածությունները, որով Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև օդային ճանապարհով իրականացնել բեռնափոխադրումներ։ Ըստ Hürriyet-ի՝ կողմերը կկազմեն ճանապարհային քարտեզ։

Բացի այդ, թուրքական պարբերականը գրում է, որ հանդիպման ժամանակ երկու երկրները քննարկել են նաև Հայաստանն ու Թուրքիան Արաքս և Ախուրյան գետերով իրար կապող կամուրջների հարցը՝ դրանց ամրաշինական աշխատանքների տեսանկյունից, որոնք կարող են դառնալ երկու երկրների միջև տարանցման կազմակերպման ուղի։ 

Հանդիպման հստակ ժամկետների և վայրի վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ 

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական A Haber-ը ևս գրել էր սեպտեմբերին նախատեսվող հանդիպման մասին։ Հայկական կողմն սակայն հերքում էր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության առկայության փաստը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- նշել էր Հունանյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter