HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի խաղաղասիրական նախաձեռնություններին»

Երևանը պետք է դրական պատասխանի Բաքվի ձեռնարկած խաղաղասիրական նախաձեռնություններին։ Այդ մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյու Չավուշօղլուն՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցին։

«Մենք մշտապես կոչ ենք անում և խթանում ենք Հայաստանին արձագանքել այդ բարյացակամ մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա երկրի ներսում ճնշում են արմատականները, իսկ դրսում՝ Սփյուռքը։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանը պետք է ավելի շատ աշխատի այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկվա մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրել ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը «44-օրյա պատերազմից հետո ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղությանն իր ձգտումը»։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը նաև աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովը հաջողություն կունենա։ «Բրյուսելում հանդիպման ժամանակ ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցի վերաբերյալ, ստեղծվել է համատեղ սահմանային հանձնաժողով, ինչպես նաև համաձայնեցվել է շարունակել արտաքին գործերի նախարարների կողմերի խաղաղության շուրջ քննարկումները։ Մենք շատ գոհ ենք այդ քայլից։ Բացի այդ, Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հանդիպումներին: Դա ևս շատ դրական դեպք է։ Մենք միշտ հայտարարում ենք, որ Հայաստանը պետք է դրական արձագանքի այդ բարյացակամ մոտեցմանը»,- եզրափակել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր բողոքել, որ Հայաստանը երկու անգամ չեղարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստը։

«Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք գործի կանցնեն։ Ադրբեջանը ճիշտ ժամանակին ստեղծել է խումբը և պատրաստ էր գործուղել պատվիրակությանը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ և հենց ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկել անցկացնել սահմանազատման հարցով առաջին հանդիպումը։

«Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա հուսահատեցնող էր։ Էլ ավելի հուսահատեցնող էր այն, որ Հայաստանը հրաժարվեց մեր առաջարկից՝ մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպման անցկացման վերաբերյալ։ Այդպիսով, մենք մինչ օրս Հայաստանից սպասում ենք նոր ժամկետներ, որպեսզի սկսենք աշխատանքը»,- ասել է Ալիևը։

Չնայած խաղաղասիրական հայտարարություններին, ադրբեջանական կողմը դեռ 2021 թվականի մայիս ամսից շարունակում է գտնվել ՀՀ սուվերեն տարածքում՝ իր զորքերն առաջ քաշելով Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև հայտարարեցին սահմանի սահմանազատման, իսկ այնուհետ սահմանագծմամբ զբաղվող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել կողմերին խորհրդակցական աջակցություն տրամադրելու համար։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, իսկ արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր սկսել խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքները։

Լուսանկարը՝ AP Photo/Virginia Mayo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter