HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Մինչ այս հանդիպումը Շառլ Միշելը առանձնազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպման սկզբում կայացել է Շառլ Միշելի կողմից Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների դիմավորման արարողությունը, այնուհետ արվել է պաշտոնական լուսանկար։

Հանդիպման մասին հայտնի էր դարձել մարտի 30-ին, երբ Շառլ Միշելի հանդիպումների օրացույցում կատարված թարմացումից հետո հայտնի դարձավ, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չէին փոխանցվում։

Մարտի վերջին խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ Ալիևը հույս էր հայտնել, որ դրանք արդյունավետ կլինեն։ «Արդեն այդպիսի մի քանի հանդիպում է եղել։ Մենք պետք է առաջ շարժվենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրենք»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Նույն մտադրությամբ Բրյուսել է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը։

Սա Փաշինյան-Ալիև բանակցություններում Եվրոպական խորհրդի նախագահի առաջին միջնորդությունը չէ։ Նախորդ անգամ նույն ձևաչափով կողմերը հանդիպել էին նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին դարձյալ Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  2021 թվականի նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

Այս հանդիպմանը նախորդում է Արցախում առկա լարվածությունը, երբ նախորդ ամսվա վերջին ադրբեջանական զորքերը, խախտելով եռակողմ հայտարարությունը, ներխուժել էին Փառուխ գյուղ և հարակից շրջաններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter