
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բրյուսելում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսվում է, որ կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր նախորդ տարվա նոյեմբերի 19-ին տարածված հաղորդագրության մեջ։
Մինչ այդ, Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին նոյեմբերի 26-ին Սոչիում, որտեղ եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերն սկսել էին կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։
Այս հանդիպմանը նախորդում է Արցախում առկա լարվածությունը:
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կոչ էր ուղարկել ադրբեջանական կողմին, որպեսզի վերջինս զորքերը հետ քաշի նախորդ օրերին Ասկերանի շրջանում գրաված տարածքներից։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համատեղ հայտարարության դրույթները, ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ Փառուխ գյուղի մոտակայքում «Bayraktar-TB 2» անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված միավորումներին։
Այս պահին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կարգավորման և զորքերի՝ ելման դիրքեր վերառնալու համար։ Ադրբեջանական կողմին ուղարկվել է զորքերի հետքաշման կոչ»,- ասվում էր ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հաջորդ օրը ռուսական կողմը հայտարարեց, որ ադրբեջանցիները դուրս են եկել Փառուխից, սակայն, ըստ Արցախի ՊԲ-ի ,նրանք շարունակում են գտնվել Քարագլխի մի հատվածում։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։
Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.
- Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
- Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
- Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
- Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
- Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել