ՌԴ ՊՆ-ն զորքերի հետքաշման կոչ է ուղարկել Ադրբեջանին
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կոչ է ուղարկել ադրբեջանական կողմին, որպեսզի վերջինս զորքերը հետ քաշի նախորդ օրերին Ասկերանի շրջանում գրաված տարածքներից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տեղեկագրում։ Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համատեղ հայտարարության դրույթները, ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ Փառուխ գյուղի մոտակայքում «Bayraktar-TB 2» անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված միավորումներին։
Այս պահին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կարգավորման և զորքերի՝ ելման դիրքեր վերառնալու համար։ Ադրբեջանական կողմին ուղարկվել է զորքերի հետքաշման կոչ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի դրանից, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ։
Լուսանկարը՝ արխիվային / © Սարո Բաղդասարյան, Հետք
Մեկնաբանել