HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 պայմանները

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վարմանն այն պայմանով, որ Հայաստանն ընդունի իր առաջադրած պայմանները կամ «հիմնարար սկզբունքները»։ Այդ մասին նշվում է պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Առաջին անգամ Երևանին ներկայացված հինգ կետանոց փաստաթղթի մասին խոսել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական Anadolu պարբերականին տված հարցազրույցում։ 

«Ուղերձն այն է, որ բռնազավթման գործոնն արդեն վերացել է։ Այս իրավիճակում ադրբեջանական կողմը, չնայած անցյալի բոլոր դժվարություններին և խնդիրներին, հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»,- ասել էր ադրբեջանցի նախարարը։ 

Բայրամովի խոսքով՝ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանը որևէ պատասխան չի տալիս Ադրբեջանի առաջարկին։ «Ադրբեջանը վերջերս նոր առաջարկ է ուղարկել Հայաստանին, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունները զարգացնել որոշ սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցերն ու պատասխան տա։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, ապա սա հիանալի հնարավորություն է նրա համար։ Առաջիկայում հայտնի կլինի Հայաստանի պատասխանը, և, բնականաբար, մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- թուրքական պարբերականին ասել էր Բայրամովը։

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ հինգ կետանոց փաստաթուղթը մեկ էջից է բաղկացած։ «Սահմանվել և առաջարկվել են հիմնական սկզբունքները։ Եթե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, նրանք պետք է անմիջապես հայտարարեն այդ առաջարկների վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին։ Բայց ես կարող եմ ասել, որ փաստաթղթում ներկայացված բոլոր սկզբունքները հանդիսանում են միջազգային հարաբերությունների սկզբունքներ»,- հավելել էր Բայրամովը։

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ 

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter