HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Ուկրաինայում օրական զոհվում կամ վիրավորվում է 500 ռուսաստանցի զինվորական

ԱՄՆ հետախուզության և ամերիկյան զինվորական պաշտոնյաների վերջին գնահատման համաձայն՝ ամեն օր Ուկրաինայում զոհվում կամ վիրավորում է ստանում 500 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Երկու պաշտոնյաներ, որոնց անունները չեն բացահայտվում, պարբերականին ևս հայտնել են, որ Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինվորականների թիվը գնահատվում է 20 հազար մարդ։ Ըստ պարբերականի՝ դրանցից 5000-ը «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության անդամներ են։

Աղբյուրները պատմել են, որ իրենց տվյալները հիմնված են արբանյակային պատկերների, գաղտնալսված հաղորդագրությունների, սոցիալական ցանցերից և տեղական լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության վրա։

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանն արդեն իսկ պատերազմելու է ուղարկել իր զինվորական ստորաբաժանումների գրեթե 85 %-ը։ Պատերազմին ներգրավվել են նաև Հեռավոր Արևելքի զորքերը, ինչպես նաև ստորաբաժանումներ, որոնք տեղեկայված են եղել աշխարհի տարբեր հատվածներում։

The New York Times-ում կարծում են, որ այդպիսի կորուստներով ռուսական բանակը մինչև տարեվերջ չի կարողանա գրավել Դոնբասը։

Ամերիկյան պարբերականի նյութում, հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, նշվում է, որ քանի որ Ռուսաստանը կրում է մեծ կորուստներ, կառավարությունը ողջ ուժով փորձում է մարտի դաշտ ուղարկել պահեստազորայիններին և նորակոչիկներին։ «Ռուսաստանում մեծացրել են կամավորների հավաքագրման տարիքը և ձեռնարկում են տարբեր գործողություններ, որպեսզի երկրի քաղաքացիներին ներգրավեն պատերազմին։ Կառավարությունը տարբեր տեղերից մարդկանց է հավաքում։ Եթե նրանք չհայտարարեն զանգվածային զորահավաքի մասին, ինչը ես հիմա Ռուսաստանում քաղաքականապես հնարավոր չեմ համարում, ապա կլինեն պարտվողական կարգավիճակում»,- պարբերականին հայտնել է Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էվելին Ֆարկասը։

Ավելի վաղ, The Insider պարբերականը և Bellingcat-ի հետաքննող լրագրողները նյութ էին հրապարակել, որտեղ պատմել էին Ուկրաինայում գտնվող ռուսաստանցի զինվորականների հարազատների բողոքների մասին։ Հոդվածում նշվում էր, որ նրանց ստիպում են մասնակցել պատերազմին, ժամկետայիններին ստիպում ստորագրել պայմանագրեր, չի ապահովվում զինծառայողների նորմալ սնուցումն ու բուժօգնությունը։

Մոսկվան և Կիևը չեն բացահայտում պատերազմում զոհերի թիվը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ այդ մասին հայտարարել է մարտի 25-ին։ Այդ ժամանակ նշվում էր 1351 զոհի և 3825 վիրավորի մասին։

Լուսանկարը՝ vk.com/milinfolive

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter