
Մետրոպոլիտենում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է եղել․ ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են
Երևանի մետրոպոլիտենը այս պահին չի աշխատում. ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են։
Մետրոպոլիտենում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է եղել։ «17:10 -ին ահազանգ է եղել, որ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում ռումբ կա տեղադրված, բոլոր ուղեւորներին կայարաններից եւ գնացքներից տարհանել ենք, բոլոր կայարանների դռները փակ են»,- այս մասին Հետքի հետ զրույցում նշեց Երեւանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ չեն կարող հայտնել, թե երբ կվերսկսվի Մետրոպոլիտենի աշխատանքը, քանի որ այն կախված է Ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատանքներից։ «Պետք է գան, հերթով բոլոր կայարաններից ստուգելով, մաքրելով գնան, մինչեւ վերջին կայարանը մաքրեն եւ մեզ հստակ տվյալներ տրամադրեն, որ բոլոր կայարանները մաքուր են, նոր հնարավոր կլինի բացել կայարանների դռները»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել Երեւանի տարբեր վայրերում տեղադրված պայթուցիկ սարքերի ահանզանգերի մասին։
Մեկնաբանել