HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ առաջարկներին

Իրանի իշխանությունները Եվրամիությանն են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ վերջինիս առաջարկներին իրենց պատասխանը։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Պատասխանի բովանդակությունը չի նշվում։ Միևնույն ժամանակ, իրանական ISNA գործակալությունը նշում է, որ իրանական կողմի պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին ներկայացրել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման համաձայնագրի իր նախագիծը։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանը Բրյուսելից ակնկալում է պատասխան ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։

Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հայտարարել էր, որ Թեհրանը գրավոր պատասխանը կփոխանցի միջուկային գործարքի հարցով բանակցությունների ԵՄ համակարգող Էնրիկե Մորեին։

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի եզրափակիչ տեքստի նախագիծը։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Եվրամիությունը Թեհրանին զիջումներ է առաջարկել հետաքննության հարցում, որը վերաբերվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել։ Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այս հետաքննությունը հանդիսանում է արևմտյան կողմի համար հիմնարար խնդիրներից մեկը։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ազդակներ է ուղարկել այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի կնքմանը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter