
Թուրքիայի իշխող կուսակցությունը չի բացառում Սիրիայի իշխանությունների հետ ուղիղ շփումները
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն չի բացառում Անկարայի և Դամասկոսի միջև, 11 տարի տևած դադարից հետո, ուղիղ շփումների մեկնարկի հնարավորությունը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ նա հայտնել է թուրքական NTV հեռուստաընկերության եթերում:
«Դամասկոսի հետ շփումները կարող են դառնալ ուղիղ, հարաբերությունների մակարդակը կարող է բարձրացվել։ Դիվանագիտության մեջ երկխոսությունը առկա տարաձայնությունների կարգավորման կարևորագույն ճանապարհներից մեկն է»,- հայտարարել է Յազըջըն։
Երկու երկրների միջև երկխոսության վերսկսման հեռանկարների մասին խոսել էր նաև Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկերը։ «Քայլերը, որոնք ձեռնարկվում են Թուրքիայի կողմից Սիրիայի հարցում, ճիշտ են։ Որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնեն հայտարարությունները, որոնք վերաբերում են Ասադի վարչակարգի և սիրիական ընդդիմության միջև խաղաղության հաստատման փորձերին»,- Բահչելիին մեջբերել է NTV հեռուստաընկերությունը։
Türkiye թերթն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Անկարայի քաղաքական շրջանակներում, Սոչիում օգոսոստոսի 5-ին կայացած Պուտին-Էրդողան բանակցություններից հետո, քննարկվում է Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև հեռախոսազրույցի հնարավորությունը։
Օգոստոսի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Էրդողան-Ասադ բանակցություններ չեն նախատեսվում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Սիրիայի միջև շփումները ներկայում իրականացվում են հատուկ ծառայությունների գծով։
Նույն օրը Մևլյութ Չավուշօղլուն նաև հայտարարել էր, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը ստիպված կլինեն ինչ-որ մի պահ հաշտվել, հակառակ դեպքում, ըստ Չավուշօղլուի, ամուր խաղաղություն չի լինի։
Սիրիական ընդդիմությունը դեմ էր արտահայտվել թուրքական կողմի այս հայտարարությանը՝ կազմակերպելով բազմամարդ բողոքի ցույցեր։ Դժգոհությունը սրվել է նաև սիրիական այն քաղաքներում, որոնք գտնվում են թուրքական զորքերի վերահսկողության տակ, այդ թվում Աֆրինում և Էլ Բաբում։ Իդլիբի նահանգում, որը գտնվում է հիմնականում իսլամիստների և ջիհադիստների վերահսկողության տակ, կոչեր էին հնչել Թուրքիայի հետ սահմանին բողոքի ցույցեր կազմակերպելու վերաբերյալ։ Էլ Բաբում ցուցարարներն այրել էին թուրքական դրոշը և վանկարկել «ո՛չ հաշտեցմանը»։
Իլյուստրացիան՝ vox.com-ից
Մեկնաբանել