
2023թ.-ից կդադարեցվի Johnson's Baby մանկական տալկի արտադրությունը. այն կփոխարինվի եգիպտացորենի օսլայով
Johnson & Johnson ընկերությունը 2023թ.ից կդադարեցնի Johnson’s Baby մանկական տալկի արտադրությունն ու վաճառքն ամբողջ աշխարհում. տալկը կփոխարինվի եգիպտացորենի օսլայով։ Հայտարարությունն արվել է ապրանքի վաճառքն ԱՄՆ-ում դադարեցնելուց ավելի քանի 2 տարի հետո։
«Մենք շարունակաբար գնահատում և օպտիմիզացնում ենք մեր պորտֆոլիոն, որպեսզի լավագույնս դիրքավորենք բիզնեսը երկարաժամկետ աճի համար: Այս անցումը կօգնի պարզեցնել մեր արտադրանքի առաջարկները, ապահովել կայուն նորարարություն և բավարարել մեր սպառողների, հաճախորդների կարիքները և զարգացող համաշխարհային միտումները»,-նշված է ընկերության պաշտոնական կայքում։
Այս որոշման պատճառն այն է, որ J&J ընկերության դեմ արդեն 4 տարի է՝ տասնյակ հազարավոր դատական հայց է ներկայացվել այն հիմնավորմամբ, որ իրենց մանկական տալկը՝ Johnson’s Baby-ն, ասբեստ է պարունակում, ինչը քաղցկեղածին է:
Տալկը աշխարհի ամենափափուկ քարն է, հանքանյութ, որը բաղադրությամբ շատ նման է ասբեստին և սովորական լաբորատոր փորձաքննության ժամանակ, առանց հատուկ սարքերի, դրանք տարբերակելը դժվար է։ Ավելին, բնական վիճակում տալկը կարող է ասբեստ պարունակել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ՝ ասբեստը կոնցերոգեն է, որը կարող է մի շարք օնկոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ թոքերի, կոկորդի և ձվարանների քաղցկեղի պատճառ դառնալ:
Ասբեստի բոլոր տեսակները, ըստ ԱՀԿ-ի, կանցերոգեն են մարդու օրգանիզմի համար:
Վաճառքը դադարեցնելու որոշման մեջ J&J-ն դարձյալ նշում է, որ իրենց ընկերության տեսակետը մնում է անփոփոխ. իրենց արտադրանքն անվտանգ է.
«Մենք վստահում ենք ամբողջ աշխարհի բժշկական փորձագետների կողմից անցկացված տասնամյակների անկախ գիտական վերլուծությանը, որը հաստատում է, որ տալկով Johnson's® մանկական փոշին անվտանգ է, չի պարունակում ասբեստ և չի առաջացնում քաղցկեղ»:»
Տալկի հիմքով մանկական ցանափոշու փոխարեն Johnson & Johnson-ն արտադրելու է եգիպտացորենի օսլայի հիմքով ապրանք, որն արդեն իսկ վաճառվում է տարբեր երկրներում։
Մանկական ցանափոշին օգտագործվում է բարուրի ցանը կանխելու, ինչպես նաև՝ կոսմետիկ նպատակներով, ներառյալ՝ որպես չոր շամպուն:
Նշենք, որ դեռևս 2018թ ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել էր վճարել 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք 22 կանանց, ովքեր ընկերության արտադրանքներից մեկի՝ մանկական տալկի մեջ եղած քաղցկեղածին ասբեստ նյութի պատճառով առողջական խնդիրներ էին ունեցել: Հենց այդ նույն տարի Reuters-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ նշել էր, որ J&J-ն տասնամյակներ շարունակ գիտեր, որ իր մանկական տալկում ասբեստ կա։
2019թ. հոկտեմբերի 18-ին Johnson & Johnson ընկերությունը հետ էր կանչել Johnson’s Baby մանկական տալկը, որի փորձանմուշներում ասբեստ էր հայտնաբերվել (խմբաքանակի համարը՝ 22318RB, նշված է ապրանքի պիտակի հետնամասում):
Johnson's Baby մանկական տալկը շուկայում վաճառվում էր ավելի քան 130 տարի և դարձել էր J&J ընկերության ընտանեկան կերպարի խորհրդանիշը։
Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի
Տես նաև՝
-
4,7 մլրդ դոլար տուգանք՝ Johnson's baby տալկում քաղցկեղածին տարրի համար․ Հայաստանում այն երբևէ չի փորձաքննվել
-
Johnson’s Baby մանկական տալկում նորից ասբեստ է հայտնաբերվել. խմբաքանակը հետ է կանչվել
Մեկնաբանել