HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ատեստավորված պայմանագրայիններն ավելի բարձր կվարձատրվեն․ ՊՆ-ի նախագիծը

Պաշտպանության նախարարությունը մտադիր է պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ ներդնել, ինչը հնարավորություն կտա ատեստավորված զինծառայողներին ավելի բարձր վարձատրություն ստանալ՝ լրավճարի տեսքով։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրենքի նախագծի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, որոնք զբաղեցնում են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով լրավճարի հաշվարկում։ Կարգն ու լրավճարը սահմանվելու են կառավարության որոշումներով։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ ատեստավորման արդյունքները սահմանվելու են այնպես, որ դրանք վերաբերեն բացառապես լրավճար ստանալու իրավունքին կամ այդ իրավունքից չօգտվելուն, այսինքն՝ ազդեցություն չեն ունենալու զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության վրա: 

Ատեստավորումն իրականացվելու է կամավոր հիմունքներով, բացառությամբ վերը նշված գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների, որոնց համար սահմանվելու է պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քանի 4-րդ ամիսը լրանալու օրը ատեստավորվելու պայման: 

Ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարողանալու են կրկին դիմել ատեստավորում անցնելու համար ոչ շուտ, քան 3 ամիս հետո։

Նախագծի նպատակը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելն է։ 

Օրենքի նախագծի ընդունման դեպքում 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներով՝ պայմանագրայինների լրավճարների համար հատկացվելու է տարեկան 35 միլիարդ դրամ։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Լուսանկարը՝ արխիվային / © Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter