
Սուրմալուի տոնավաճառում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել
Սուրմալուի տոնավաճառի պայթյունի հետևանքով արձանագրված զոհերի թիվը 16 է, անհետ կորած է համարվում երկու քաղաքացի:
Լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Փաստացի երկու անհետ կորած ունենք, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքությունը որ պարզվի, կմնա մեկ անհետ կորած քաղաքացի»,-ասաց նախարարը:
Իսկ հարցին, թե ինչպես է անհետ կորած երեք քաղաքացիների թիվը դարձել երկու, նախարարն ասաց, որ ՌԴ քաղաքացին, որն անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել է. նա դեպքի վայրում չի եղել:
Ըստ նախնական տվյալների` տոնավաճառի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել:
Նախարարի խոսքով` անհետ կորած քաղաքացիների որոնման աշխատանքները հիմնականում կիսակառույց շենքում են իրականացվում:
Փամբուխչյանը հիշեցրեց, որ փրկարարներին այսօր հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել, այժմ տեղ-տեղ հովացման աշխատանքներ են արվում ու ինտենսիվ կերպով կուտակված փլատակները տեղափոխվում:
Ինչ վերաբերում է աշխատանքների ավարտից հետո տոնավաճառի շենքի ապամոնտաժմանը, նախարարն ասաց, որ դեռ պետք է հասկանան` ինչպես է այն ապամոնտաժվելու:
«Մենք հակված ենք, որ դա կատարեն մասնագիտացած ապամոնտաժող կազմակերպությունները»,-ասաց նա:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, անհետ կորած է համարվում երկու քաղաքացի: Երկու օրերի ընթացքում ժամանակ առ ժամանակ բռնկվող հրդեհը մեկուսացվել է այսօր` օգոստոսի 16-ին, ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին: Կիառավարությունը օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրեր է հայտարարել:
Մեկնաբանել