HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն առաջարկում է փոփոխություններ՝ հուսալով, որ կենսաթոշակային ֆոնդերից տնտեսության իրական հատված հոսող գումարները կաճեն

Կենտրոնական բանկն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որը, ըստ նախագծի հեղինակների, թույլ կտա հանրության խնայած միջոցներից ավելի մեծ բաժին ներդնել տնտեսության իրական հատվածում, հայաստանյան ընկերություններում։

Փոփոխություններից մեկով առաջարկվում է պահպանողական ֆոնդերում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը՝ 25%-ից դարձնելով 35%։ Արդյունքում, ըստ ԿԲ-ի, կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը երեք տեսակի են՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Այսօր հանրության խնայողությունների գերակշիռ մասը՝ 98%-ը, ուղղվում է պահպանողական ֆոնդեր։

Օրենքը սահմանում է, որ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդերի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը։ ԿԲ-ն առաջարկում է հենց այս տոկոսը 10 տոկոսային կետով բարձրացնել։

Մյուս առաջարկն է՝ հնարավորության տալ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին, առանց միջնորդ ֆոնդերի կամ այլ կառույցների, ուղղակիորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով:

Ինչպես ներկայացված է գլխավոր դրամատան հեղինակած նախագծում,   ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն:

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության, կենսաթոշակային ֆոնդերում կուտակված է 490 մլրդ դրամ։ Ֆոնդերի կառավարիչները քաղաքացիների կուտակած գումարների առնվազն 70%-ը ներդնում են Հայաստանում, մնացածը` արտասահմանում։

Մասնավորապես, կուտակված գումարների մոտ 36%-ը ՀՀ պետական պարտատոմսերում են ներդրված, 32%-ը՝ ավանդներում (կրկին հիմնականում Հայաստանում)։ Սրանք այն գումարներն են, որոնք հոսում են տնտեսության ոչ իրական հատված։

Քանի որ Հայաստանում արժեթղթերի շուկան զարգացած չէ, կենսաթոշակային ֆոնդերը տեղական մասնավոր ընկերություններում ներդրումներ չեն անում, փոխարենը այդ գումարները հոսում են արտասահմանյան ընկերություններ։ Դրանք կազմում են կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների մինչև 25%-ը։

ԿԲ-ն առաջարկում է ֆոնդերին հնարավորություն տալ առանց միջնորդ ֆոնդերի և կառույցների, ինչպես այսօրվա օրենք է պահանջում, ներդրումներ կատարել, օրինակ, ենթակառուցվածքային նախագծերում, եթե այդ նախագծերը եկամտաբեր են։ Դա անելու արդյունքում բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը՝ 25%-ից կարող է բարձրանալ մինչև 35%։ Եվ եթե այսօր այդ ներդրումները գրեթե ամբողջությամբ կատարվում են արտասահմանում, ապա՝ այս փոփոխությունների արդյունքում, տեսականորեն հնարավոր է մեծացնել դրանց մասնաբաժինը Հայաստանում։

Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է սահմանել, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը և  ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը։

Ըստ էության՝ ԿԲ-ն այս փոփոխություններով ֆոնդերի կողմից տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումների իրավական կողմն է առաջարկում լուծել։ Սակայն, պատրաստ է արդյոք հայաստանյան տնտեսությունը կլանել այդ ներդրումները, և կա՞ն առաջարկներ հայաստանյան ընկերությունների կողմից, տնտեսագետները դեռևս չեն շտապում մեկնաբանել, քանի որ նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել և շատերին դեռևս անծանոթ է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել, որի արդյունքում քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները նվազել են։ Սա ևս մեկ առիթ էր՝ քննարկելու, թե որքանով են կենսաթոշակային ֆոնդերը արդյունավետ կառավարվում։ Այս համատեսքտում տնտեսագետները հիշեցնում էին, որ այս գումարները չեն հոսում Հայաստանի տնտեսության իրական հատված և չեն ծառայում տնտեսական աճին։

Բացառել հաշվետվությունների թղթային տարբերակը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը մի շարք դեպքերում մասնակիցներին տրամադրում է տեղեկատվություն թղթային տարբերակով, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: ԿԲ-ն առաջարկում է բացառել թղթային տարբերակը և մասնակիցներին իրենց հաշիվների մասին տեղեկություններն ուղարկել միայն էլեկտրոնային տարբերակով։

«Թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջն անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը, քանի որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և կմնա մինչև օգոստոսի 31-ը։ Այն դեռևս պետք է քննարկվի Կառավարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն: Դրանք են ֆրանսիական արմատներով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter