HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարություն․ վկայական չտալ այն ավիաընկերություններին, որոնց ղեկավարներն ունեն «տնտեսվարողի վատ հեղինակություն»

Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում, որով նոր պայմաններ կավելացվեն ավիացիայում առանցքային նշանակություն ունեցող ՕՇՎ տալու գործընթացում։ ՕՇՎ-ն՝ օդանավ շահագործողի վկայականը, այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել։ Վկայականը տրամադրում է քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ)։

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), որին ենթարկվում է ՔԱԿ-ը, առաջարկել էր մերժել ՕՇՎ-ի տրամադրումը, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ: Ըստ առաջարկության՝ ՔԱԿ-ը կարող է մերժել նաեւ այն ավիաընկերությունների հայտերը, որոնց կառավարման լիազորություններ ունեցող անձն (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ եւ այլն) ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ:

Նախարարությունն առաջարկում էր նաեւ, որ եթե ավիաընկերությունն արդեն ունի ՕՇՎ, բայց դրա գործունեության ընթացքում ի հայտ են գալիս վերը նշված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, ապա կոմիտեն կարող է դադարեցնել վկայականի գործողությունը:

Մինչ այժմ «Ավիացիայի մասին» օրենքում ՕՇՎ-ի տրամադրումը մերժող կամ եղած ՕՇՎ-ի գործողությունը դադարեցնող նման հիմքեր նախատեսված չեն։

Նկատենք, որ օրինագիծը մշակել է ոչ թե հենց նախարարությունը, այլ կոմիտեն։

Սակայն թե՛ ավիացիային առնչություն ունեցողների, թե՛ պետական որոշ մարմինների շրջանում տարակուսանք էին առաջացրել «պետության հեղինակություն» եւ հատկապես «տնտեսվարողի վատ հեղինակություն» ձեւակերպումները, որոնք որեւէ կերպ կոնկրետացված չէին։ Այսինքն՝ հասկանալի չէր, թե, օրինակ, ինչպես է հիմնավորվելու տնտեսվարողի վատ կամ լավ հեղինակություն ունենալը եւ ըստ այդմ՝ ՕՇՎ տրամադրելը կամ մերժելը։

ՏԿԵՆ-ը, իսկ ավելի կոնկրետ՝ օրինագիծը մշակած ՔԱԿ-ը, հաշվի է առել այս դիտարկումները եւ փոփոխել է օրինագծի տեքստը։

Ըստ նոր տեքստի՝ ՕՇՎ-ի տրամադրումը կոմիտեի կողմից կառավարության սահմանած կարգով մերժվում է, եթե վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձը (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ) կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն:

Իսկ այդպիսին համարվում են հետեւյալ անձինք՝

1) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը,

2) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը,

3) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը,

4) միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը,

5) այն իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձը, որը նախկինում ունեցել է ՕՇՎ եւ դրա գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով վկայականի ստացման համար օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված թռիչքային անվտանգության պահանջները խախտելու պատճառով։

Այսպիսով՝ եթե ՕՇՎ ստանալ ցանկացող ավիաընկերության խորհրդի անդամներից մեկը, տնօրենը կամ խոշոր բաժնետեր/փայատերը համապատասխանում է վերը նշված պայմաններին, ապա դա հիմք կդառնա, որ ընկերությունը չստանա ՕՇՎ, իսկ եթե արդեն ունի վկայական, բայց ի հայտ են գալիս նման հիմքեր, որոնք հնարավոր չէ վերացնել, ընկերության վկայականի գործողությունը կդադարեցվի։

Նկատենք, որ այստեղ հարցեր է առաջացնում «նրա հետ փոխկապակցված անձը» ձեւակերպումը։ Այսինքն՝ հստակ չէ, թե «Ավիացիայի մասին» օրենքում ով է համարվելու տվյալ ընկերության կառավարման վրա ազդեցության լիազորություն ունեցող անձի հետ փոխկապակցված անձ (գործող օրենքում նման ձեւակերպում չկա), երկրորդ՝ ինչու՞, ի՞նչ տրամաբանությամբ պիտի փոխկապակցված անձի «տնտեսվարողի վատ հեղինակությունը» ազդի ընկերությանը ՕՇՎ տալու-չտալու վրա։ Ընդ որում՝ «փոխկապակցված անձի» վերաբերյալ որեւէ նշում չի եղել օրինագծի սկզբնական տարբերակում, այն ավելացվել է ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի առաջարկով։

Բացի վերը նշված հիմքերից, ըստ օրինագծի, ՕՇՎ-ի տրամադրումը կարող է նաեւ մերժվել կառավարության սահմանած դեպքերում՝ պետության անվտանգության կամ հանցագործությունների կանխարգելման, կամ բացահայտման, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ պայմանավորված։

Այսինքն՝ օրինագծով առաջարկվող նոր դրույթներն առավել հստակ կդառնան միայն այն բանից հետո, երբ կառավարությունը համապատասխան լրացումներ կատարի 2015 թ․ իր այն որոշման մեջ, որով հաստատվել է ՕՇՎ տալու կարգը։

Գործադիրն այդ լրացումները պետք է կատարի ԱԺ-ի կողմից այս օրինագիծն ընդունելուց եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter