HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերբիայի և Կոսովոյի բրյուսելյան բանակցություններն անարդյունք են ավարտվել

Եվրոպական միության միջնորդությամբ Բրյուսելում Սերբիայի և Կոսովոյի բանակցություններն ավարտվել են անարդյունք։ «Ցավոք, մենք չենք հասել համաձայնության»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի օգոստոսի 18-ի երեկոյան կայացած հանդիպումից հետո։

Զուգահեռաբար, Բորելի խոսքով, սա դեռ կարգավորման փորձերի վերջը չէ, առաջիկա օրերին նախատեսված են նոր բանակցություններ։ «Ես չեմ հանձնվում… մենք պետք է որոշում փնտրենք»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Նա առանձին հանդիպումներ է ունեցել Կուրտիի և Վուչիչի հետ, որից հետո բալկանյան քաղաքական գործիչներին «Բելգրադ-Պրիշտինա երկխոսության» շրջանակներում հրավիրել է մեկ սեղանի շուրջ։ «Բելգրադ-Պրիշտինա երկխոսությունն» իրականացվում է 2011 թվականին Եվրոպական հանձնաժողովի միջնորդությամբ։

Մինչև բանակցությունները Վուչիչը լավատեսություն չուներ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ։ «Չնայած ես շարունակում եմ որևէ որոշման հույս ունենալ, ես նախկինի պես թերահավատորեն եմ տրամադրված»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ Իր հերթին Կուրտին քննադատել է «անօրինական սերբական կառույցներին», որոնք բարիկադներ են սարքում Կոսովոյի հյուսիսում։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին իրավիճակը կտրուկ սրվել էր Կոսովոյում և Մետոխիայում այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել էր Սերբիայի հետ վարչական սահմանի հսկիչ անցագրային կետը։ Պատճառը մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունների որոշումն էր, որոնք սկսել էին սերբական փաստաթղթերի նկատմամբ արգելք կիրառել՝ տեղի սերբ բնակչությունից պահանջելով վերցնել Կոսովոյի փաստաթղթեր։ Ի պատասխան դրա, Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբերը դուրս եկան բողոքի ցույցերի և փակեցին հիմնական ավտոմայրուղիները։

Մասամբ ճանաչված հանրապետության հյուսիսի մի քանի քաղաքներում հնչել էին տագնապի ազդանշաններ։ Իբար գետի վրա կառուցված կամրջի մոտ, որն իրար է կապում Սերբիան և Կոսովոն, առաջ քաշվել էին ոստիկանական ուժերն ու Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի զինծառայողները, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Միջազգային ջանքերի շնորհիվ Պրիշտինան որոշեց սերբական փաստաթղթերի արգելման գործընթացը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը։

2008 թվականին Կոսովոն միակողմանիորեն հայտարարել էր իր անկախությունը Սերբիայից։ Կոսովոյի անկախությունը ճանաչել էին արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան և ԱՄՆ-ն։ Բելգրադը Կոսովոն համարում է իր ինքնավար մարզերից մեկը և Պրիշտինայի անկախությունը չի ճանաչում։ Սերբիայի տեսակետը կիսում են Ռուսաստանը, ԵՄ անդամ հինգ երկիր, Չինաստանը և Հնդկաստանը։

Սերբիան ևս ձգտում է անդամակցել Եվրամիությանը և պարտավորվել է կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ։ 2013 թվականից Բելգրադը և Պրիշտինան փորձում են կարգավորել հարաբերությունները ԵՄ միջնորդությամբ։ ՄԱԿ-ին Կոսովոյի անդամակցությունը մշտապես արգելափակում է Ռուսաստանը։

Լուսանկարը՝ Montage RFI/REUTERS/Johanna Geron

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter