HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարբախում համայնքապատկան հողատարածքը վերածվել է վճարովի աղբավայրի

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում՝ Շիրակի փողոցի հարևանությամբ, համայնքին պատկանող տարածքը վերածվել է աղբավայրի: Տարածքը տնօրինողները շինարարական և կենցաղային աղբով բարձված յուրաքանչյուր մեքենայի վարորդից գանձում են 1000 դրամ, որից հետո նոր թույլատրում աղբը դատարկել երբեմնի կանաչապատ տարածքում:

«Google Earth» ծրագրի միջոցով տեսանելի է, թե ինչպես է կանաչապատ տարածքը տարիների ընթացքում դարձել ամայի: Գյուղատնտեսական նշանակությամբ համայնքին փոխանցված հողատարածքը 2008 թվականին ամբողջությամբ կանաչապատ էր, 2014-ից սկսած տարածքի փոխակերպումը սկսվել է, այժմ էլ՝ կանաչ տարածքի հետքն էլ չկա:

Այդ հողամասերը (շուրջ 10 հա) Կառավարության 2009թ. հ.1517-Ն որոշմամբ Երևան համայնքին են փոխանցվել գյուղատնտեսական և այլ հողատեսքեր նշանակություններով, սակայն համայնքը նշված անշարժ գույքի միավորների նկատմամբ պետական գրանցում չի իրականացրել, դա է պատճառը, որ այդ տարածքը հասցե չունի:

Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հիշեցրել են, որ շինարարական օրինական աղբավայրեր են համարվում միայն Նուբարաշենի խճուղուն հարակից և Սիլիկյան թաղամասում այդ նպատակով առանձնացված տարածքները:

Երևանի քաղաքապետարանում տեղյակ են, որ նշված տարածքն ապօրինի աղբավայրի է վերածվել, սակայն չեն կարողանում այդ «երևույթն արմատախիլ անել»:

«Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության մեր գործընկերները պարբերաբար կանխարգելիչ նկատառումներով՝ շրջայց-ստուգայցներ են իրականացնում՝ (նաև ձեր նշած տարածքներում) արատավոր այդ երևույթի դեմ պայքարում: Նախկինի համեմատ՝ կատարված գործողությունների արդյունքում, ակնհայտ ձեռքբերումներ կան, քանի որ մի շարք դեպքերում օրինախախտների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչը նպաստել է, որ լրջորեն նվազի՝ չնախատեսված վայրերում հայտնվող  շինաղբի ծավալը: Սակայն երևույթը արմատախիլ անել՝ դեռ հնարավոր չէ` ելնելով տվյալ գործունեությունը ծավալող սուբյեկտների ու այդ ամենի մեջ հնարավոր ներքաշված այլ անձանց՝ սխեմատիկի նմանվող խառնիճաղանջ գործելաոճից»,- ասված է հարցման պատասխանում:

Երևանի քաղաքապետարանից սակայն վիճակագրական տվյալներ չեն փոխանցել, թե օրինակ քանի օրինախախտի նկատմամբ են վարչական պատասխանատվության միջոցներ կիրառվել, կամ ովքեր են այդ անձինք:

Քաղաքապետարանում չեն կարողանում բացահայտել համայնքի հողատարածքները անօրինական աղբավայրի վերածած անձանց, սակայն այդ տարածք մեր այցելությունից պարզ դարձավ, որ աղբավայրի տիրուհին Անուշ ներկայացող տիկինն է, որի հետ թաղամասի բնակիչները չեն ուզում որևէ առնչություն ունենալ: Վերջիններս պատմեցին, որ տարիներ առաջ այդ տարածքում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում Ներքին Չարբախի բնակիչները:

Տարածքի գարշահոտից բնակիչները տեսախցիկներից այն կողմ դժգոհում են, ասում են՝ ինչ ասես այդ աղբավայրն են գցում, քաղաքապետարանում, թաղապետարանում էլ այդ մասին տեղյակ են, սակայն չեն կարգավորում:

Աղբավայրի տարածքում կային տղամարդիկ, որոնք անմիջապես դիմավորում էին այնտեղ մուտք գործող մեքենաներին: Մեր լուսանկարիչը իրեն դիմավորող տղամարդուն ասաց, որ շինաղբ է ուզում տեղափոխել: Վերջինս ասաց, որ մեկ մեքենայի համար պետք է 1000 դրամ վճարել:

Երբ նկարահանում անելիս մեզ նկատեց «տարածքի նայող» ներկայացած Անուշը,  վրդովվեց, որ առանց իր համաձայնության այնտեղ նկարահանում ենք իրականացնում:

«Որ գալիս աղբը դատարկում են էստեղ, 500 դրամ ա, խոսքի 1000 դրամ տալիս են ինձ, անտեր, որբ էրեխեքիս (նկատի ունի թոռներին) եմ պահում, ոչ հեր ունեն, ոչ մեր: Ես էլ տարեց կին եմ, աշխատանք չունեմ»,- ասաց նա:

Անուշը ամուսնու և թոռների հետ նույն տարածքի հարևանությամբ է բնակվում, նրանց կենցաղային պայմաններից հասկանալի է, որ առանց հովանավորչության չէին կարողանա համայնքի տարածքն անարգել աղբանոցի վերածել՝ հատկապես այն պարագայում, որ և՛ թաղապետարանում, և՛ քաղաքապետարանում այս անօրինական աղբավայրի մասին տեղյակ են: Տարածքի անօրինական տիրուհին վստահեցնում է, որ իր եկամուտը շատ չէ, հազիվ է կարողանում թոռների ծախսերը հոգալ, սակայն միայն մեր այցելության պահին մենք մի քանի բեռնատար նկատեցինք՝ ընդ որում ոչ միայն շինաղբով, այլ նաև կենցաղային աղբով բեռնված:

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ շրջայց-ստուգայցերի և դրա արդյունքում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հաշվառումներ չեն իրականացնում:

Ապա հավելել, որ չնախատեսված տեղերում շինարարական աղբ թափելու վերաբերյալ իրավախախտումների գործերն իրականացնում են տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

Շենգավիթի թաղապետարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատել են, որ տարածքը հաշվառված է որպես չարտոնագրված աղբավայր, և աղբ թափելու դեպքերը կանխարգելելու ու բեռնատարների մուտքն արգելելու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից տարածքում իրականացվում է հերթապահություն:

Նշենք, սակայն, որ մեր այցելության պահին տարածքում հերթապահություն իրականացնողներ չկային:

Վարչական շրջանից հայտնել են նաև, որ ըստ անհրաժեշտության նշված միջոցառումներին ներգրավվում են նաև ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
Սիրելի լրագրող։ Տեղեկացնեմ , որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նշված տարածքում պարբերաբար կատարվում է հերթապահություն և բեռնատար մեքենաների մուտքը նշված տարածք արգելում ենք և ուղղորդում ենք սահմանված վայրեր և ովքեր որ հակառակվում են և աղբը թափում են, ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Եղել են դեպքեր ,որ հենց Անուշենց կողմից մեր աշխատակիցների հանդեպ եղել են հարցակման դեպքեր, մեր տեսանկարահանող դռոնին են քարերով խփել և այլն։ Ափսոս վիդեոն չեմ կարում ուղարկեմ ձեզ , որ տեսնեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter