
Կառուցապատողը Ծարավ Աղբյուրում երկրորդ ծառն է հատել․ քաղաքապետարանը ծառահատման թույլտվություն չի տվել
Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներն այսօր հայտնաբերել են, որ Ծարավ Աղբյուր 134/4 հասցեի շինհրապարակի հարակից մայթից երկրորդ ծառն է բացակայում։ Այսինքն՝ կառուցապատողները գիշերն այն հատել են։
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ի լուսադեմին Ծարավ Աղբյուր 134/4 հասցեի կառուցապատող «Մաստեր շին» ՍՊԸ-ի աշխատակիցները արդեն մեկ ծառ հատել էին մայթեզրից։ Ոստիկանություն ահազանգից հետո կանխվել էր երկրորդի հատումը։
Երևանի քաղաքապետարանից այսօր «Հետք»-ին հայտնեցին, որ Ծարավ Աղբյուր 134/4 հասցեի հարակից մայթից ծառերը հատելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել։ Իսկ հատման դեպքն արդեն արձանագրվել է ոստիկանության կողմից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից փորձեցինք ճշտել, թե տեղյակ են, արդյոք, ինչ հատումներ են, վերջիններս մեր զանգը որպես ահազանգ ընդունեցին, քանի որ տեղյակ չէին, և այդ ահազանգն ուղղորդեցին Երևանի տարածքային բաժին։ Աշխատանքային օրվա ավարտին փորձեցինք ճշտել, թե ինչ են հայտնաբերել Երևանի տեսուչները։ Տարածքային բաժնից մեզ ասացին, որ տեսուչներն այս պահին այցելություններ են կատարում, և առավոտյան կկարողանան տեղեկացնել կատարվածի մասին։
«Մաստեր շին» ՍՊԸ-ն, որը բազմաբնակարան շենք է կառուցում այդ տարածքում, հիմնադրվել է 2018թ․ հունիսին։ Լևոն Արտաշեսի Պետրոսյանը և Տիգրան Հրահատի Թամազյանն այնտեղ հավասար բաժնետերեր են։ Լևոն Պետրոսյանը նաև 100 % բաժնետեր է «Ստրոյ ինվեստ» ՍՊԸ-ում։
«Մաստեր շին» ընկերության հեռախոսահամարն այսօր ևս չէր պատասխանում զանգերին։ Մեզ փոխանցեցին նաև Լևոն Պետրոսյանի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի հեռախոսահամարը, որը հանդես է գալիս որպես սեփականատեր, սակայն նրա հեռախոսահամարը նույնպես չէր պատասխանում։
ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մաստեր շին» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել 7 մլն 430 հազար դրամի չափով։
Մեկնաբանել