HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անկանխիկ գործարք կատարած 17 000 կենսաթոշակառու հետվճար կստանա

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 %-ը՝ 17 000 քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 մլն դրամի անկանխիկ գործարք։ Այս մասին Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հատկանշական է, որ նախքան հետվճարի միջոցառման մեկնարկը այս թիվը եղել է զրո»,- նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց․ «Այսինքն կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չե՞ն արել»։

Նախարարը հաստատեց՝ նշելով, որ բանկային հավելվածների միջոցով կոմունալ վճարումները շուրջ 35 մլն դրամ են կազմել։ 

«Ըստ էության 44 մլն դրամի ընդհանուր հետվճար այսօր և վաղը քաղաքացիներին կտրամադրենք, միջինում սա կազմում է 2600 դրամ, բայց դեպքեր կան, երբ իրենք մաքսիմալ հետվճար են ստանալու։ Եթե չեմ սխալվում ունենք 2000-ին մոտ մարդ, որ հենց 50 000 դրամի շրջանակում առևտուր են արել և մաքսիմալ հետվճար կստանան։ Եվ նրանց կյանքում գնողունակության բարձրացման առումով որոշակի փոփոխություն կլինի, եթե հաշվի առնենք, որ սեպտեմբերի 1-ից կավելանա նաև նրանց կենսաթոշակը»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Վարչապետն էլ հայտնեց, որ ծրագրին միացած 3 բանկում կա 173 000 շահառու։

«173 000 շահառուից 17 000 կենսաթոշակառու անկանխիկ գործարք է կատարում։ Եթե հիմա այս գումարները գումարենք իրար, էս փուլում ինչ-որ ձևով գնաճի ազդեցությունը զսպում ենք, հույս ունենք, որ կկարողանանք հաջորդ որոշումներով առաջանցիկ լինել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում արձանագրված է եղել՝ միջին կենսաթոշակը մինչև 2026 թ. պետք է դառնա 61 000 դրամ։

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր որոշեց սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter