HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը ԶՊՄԿ-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերը կհանձնի ԱՆԻՖ-ին

ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերից 6,875 % նվիրատվություն է ստացել, որը կհանձնվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (ԱՆԻՖ) հավատարմագրային կառավարմանը։ Որոշումն ընդունվեց Կառավարության օգոստոսի 24-ի նիստում։

Նշենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թ․ սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացավ 15 % բաժնեմաս, որը հանձնեց ԱՆԻՖ-ին։

«Մարտի 24-ին որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 %։ Նվիրատվությունն ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ առայժմ որոշումը չհրապարակենք, որպես կոմերցիոն գաղտնիք պահվի»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն արդեն ունի 21,875 % բաժնեմաս։

Որոշման նախագծում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ ՍՊ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգին պատկանող 188,947 հատ հասարակ բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է վարչապետի աշխատակազմին:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությանը՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։

Նախագծում նշվում է նաև, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter