HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՊՆ-ն առաջարկում է 24 մլն դրամով վաղաժամկետ արձակվել պարտադիր ժամկետային զինծառայությունից

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՊՆ-ի այս նախաձեռնութունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված այն կետից, ըստ որի՝ պետք է ստեղծվեն աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքեր։

Բացի վերոնշյալ նախաձեռնությունից Պաշտպանության նախարարությունը նաև «Ես եմ» ծրագրին փոխարինող այլ առաջարկ է ներկայացրել։ Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայող զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չի բավարարել ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չի եղել ոչ մի դիմում: Բացի այդ, ինչպես հայտնում է ՊՆ-ն, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո մեծ թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայում ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը 3 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Պաշտպանության նախարարությունը մտադիր է ներդնել նոր ծրագիր, որը կկոչվի «Հայրենյաց պաշտպան»։ Այն իրենից ենթադրում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից անցում պայմանագրային զինվորական ծառայության, որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրամադրվի պատվովճար՝ 5 միլիոն դրամ, որը զինծառայողը կամ քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ առանց որևէ պարտադիր պայմանի:

Բացի այդ, նշված ծառայության 5 տավա ընթացքում պայմանագրային զինծառայողների ամսական վարձատրության չափը կազմելու է 400 հազար դրա։ Այդ գումարը ՊՆ-ն հաշվարկել է՝ հիմք ընդունելով 24 միլիոն դրամով պարտադիր ժամկետային զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու հնարավորության ստեղծումը։ Այսինքն՝ քաղաքացու վճարած 24 միլիոնը հնարավորություն է տալու ՊՆ-ին 5 տարի ժամկետով ծառայող պայմանագրայինին վճարել 400 հազար դրամ ամսական աշխատավարձ։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter