HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Նանսենի 17 շենքի խափանված հեղեղատարի թեմայով բանավիճեին․․․

(Գործող անձինք՝ բնակիչ, համատիրության նախագահ, օրենք, քաղաքապետարան, թաղապետարան)

Բնակիչ- Արդեն տարիներ շարունակ անձրևից հետո շենքի հարկերում լճակներ են գոյանում։ Ջուրը նաև լցվում է շենքի տակ ու խարխլում հիմքը։ Արդեն  տասնամյակներ ջուրը քանդում է ոչ միայն շենքի կենտրոնական՝ վերելակին հարակից հատվածները, այլև կաթում է վերևի հարկերի բնակիչների բնակարանները, և առաստաղներից ծեփի պոկվել-ընկնելու դեպքեր են եղել։ Խոնավանում է նաև իմ՝ 9-րդ հարկի բնակչիս միջանցքի պատը։ Տիկի՛ն Քեշիշյան, ակնկալում եմ, որ որպես համատիրության նախագահ՝ միջոցներ կձեռնարկեք, քանի դեռ շենքը վթարային չի դարձել, եթե, իհարկե, արդեն չի դարձել։ 

photo4.jpg (1.73 MB) photo3.jpg (1.05 MB) photo5.jpg (1.13 MB)

1/5 համատիրության նախագահ Ֆ Քեշիշյան- Տեղյակ եմ խնդրից։ Օգնել չեմ կարող։  Տարիներ առաջ էլ եղել է այս խնդիրը, որի պատճառով ջրահեռացման համակարգը միացվել է 1 սենյականոց բնակարանների կոյուղաջրերի հեռացման համակարգին։ Բնակիչները գոհ են եղել, բացի առաջին հարկի բնակչից, որն անձրևոտ օրերին աղմուկ է լսել ու դիմել դատարան։ Դատարանը բավարարել է հայցը։ Համատիրության, թաղապետարանի մասնակցությամբ խնդրի լուծման մի շարք տարբերակներ են փորձարկվել, որոնք չեն արդարացրել իրենց։ Որոշում է կայացվել վերականգնել հին, իրեն չարդարացրած համակարգը։ Դատարանի որոշում կա, որի հետ ոչինչ չենք կարող անել։

Բնակիչ- Բայց որոշումից տարիներ են անցել, և հիմա փաստացի աղետալի վիճակ է, ու համատիրությունն է պատասխանատու խնդրի վերացման համար։

Ֆ Քեշիշյան – Դատարանի որոշում կա, արդեն ասացի։ Համատիրությունն այստեղ ոչինչ անել չի կարող։ Եթե բնակիչները կամ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն, ֆինանսապես կօգնենք։ Համատիրությունը մասնագետներ էլ չունի։ Քաղաքային իշխանության մարմիններն են համագործակցում նման ծառայություններ մատուցող ՍՊԸ-ների հետ, ուրեմն թող իրենք էլ գտնեն մասնագետներ։

Բնակիչ- Հարգելի՛ քաղաքապետարան, Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ եմ։ Բնակվում եմ Նանսենի 17 հասցեում գտնվող 12 հարկանի շենքում։ Անձրևներից հետո մեր շենքի հարկերում լճակներ են գոյանում։ Եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, շենքը վթարային կդառնա, եթե, իհարկե, դեռ չի դարձել ջրահեռացման համակարգի խափանվածության պատճառով։ Դիմում եմ իմ և շենքի մյուս բնակիչների անունից։ Խնդիրը գնահատող ու լուծման ուղիներ որոնող մասնագետներ համատիրությունը հանձն չի առնում տրամադրել՝ թողնելով դա բնակիչներին։ Թաղապետարանը խնդիրը համատիրությանն է հասցեագրում։ Իսկ խնդիրը խորանում ու խորանում է։ Վախենամ շուտով խոշոր փլուզումներ էլ կլինեն։ 

Քաղաքապետարան

pataskhan.jpg (725 KB)

Օրենք- Քաղաքացի՛ Մարիամ Կարապետյան, քաղաքապետարանի պատասխանը հիմնավոր է։ Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է «Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն»: Իսկ ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման  կարգի» համաձայն՝ սեփականատերերի կողմից բանկային հաշվին փոխանցված վճարները շենքի կառավարման մարմնի կողմից կարող են ուղղվել միայն ներկայացվող ցանկով նախատեսված ծախսերի իրականացմանը, որոնց թվում են ընդհանուր բաժնային սեփականության գույք հանդիսացող շինության վերակառուցման ու վերանորոգման ծախսերը (կետ 5)։ 

Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով սահմանված են նաև բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունները։ Դրանց թվում են շինության սեփականատերերին ամսական, տարեկան և այլ հաշվետվությունների ու ծանուցումների ներկայացումը (հոդված 22, կետ դ), պարտադիր նորմերի կատարման համար նախատեսված աշխատանքների նախահաշվի կազմումը և շինության սեփականատերերի քննարկմանը ներկայացնելը (հովված 22, կետ ե),  շինություններին և (կամ) ընդհանուր բաժնային սեփականությանը հասցված վնասների վերաբերյալ արձանագրությունների կազմումը (հոդված 22, կետ ԺԷ)։

«Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2002թ հոկտեմբերի 10-ի որոշմամբ սահմանված են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը։ Նորմերից մեկը հետևյալն է՝ «վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին» (կետ 2-ե):

Բնակիչ- Թեև օրենքն իմ պնդման կողմից է, բայց համատիրության ղեկավարն ուրիշ բան է ասում։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար հարգելի՛ Սուրեն Ղամբարյան, խնդրում եմ իրացնել թաղապետարանի վերահսկողության գործառույթը համատիրության աշխատանքի նկատմամբ և հետևել, որ Ֆլորա Քեշիշյանը գոնե կարդա քաղաքապետարանի՝ իրեն ուղղված միջնորդագիրը։

mijnordagir.jpg (447 KB)

Ֆ Քեշիշյան (բնակչի՝ դիմումը թաղապետարանում թողնելուց անմիջապես հետո (հավանաբար թաղապետարանից զանգել-տեղեկացրել էին) զանգում է բնակչին) - Ես Ձեզ հետ միասին հետևողական կլինեմ, որ թաղապետարանն ինքը զբաղվի հարցով, քանի որ հենց թաղապետարանն է պատասխանատու տվյալ խնդրի լուծման համար։

Բնակիչ (դիմում է գրում քաղաքապետարան)- «Բարև Ձեզ, հարգելի՛ պարոն Կարոյան, 

քաղաքապետարանին ուղղված իմ դիմումից հետո դիմում եմ գրել նաև Նոր Նորքի վարչական ղեկավար Սուրեն Ղամբարյանին (19.05.2022)՝ խնդրելով իրացնել թաղապետարանի վերահսկողության գործառույթը 1/5 համատիրության նկատմամբ՝ ջրահեռացման խողովակի խնդրի լուծմանն ընթացք տալու նպատակով։ Ի պատասխան Նանսենի 17 շենք են ժամանել թաղապետարանի 2 աշխատակից և տեղում համոզվել խնդրի լրջության մեջ։ Սակայն անցել է արդեն մոտ մեկ ամիս, սակայն որևէ միջոց դեռ չի ձեռնարկվել։ Թաղապետարանը նաև գրավոր չի պատասխանել իմ դիմումին, թեև աշխատակիցները խոստացել էին։ Միևնույն ժամանակ նշեմ, սակայն, որ գրավոր որևէ պատասխան գոհացուցիչ չի լինի, եթե այնտեղ նշված չլինեն կոնկրետ ժամկետներ և հանձնառություններ։ 

Ես շնորհակալություն եմ հայտնում դիմումներիս քաղաքապետարանի շուտափույթ արձագանքման համար և կրկին ակնկալում միջամտություն։ Խնդիրը պետք է լուծել մինչև աշուն՝ մինչև նոր անձրևների սկսվելը։

Նախապես շնորհակալ եմ»։

Քաղաքապետարան- -----------------------------------------

Թաղապետարան (վերջապես գրավոր պատասխանում է)- 

pataskhan2.jpg (448 KB)

Բնակիչ (մենախոսում է) - Հեղեղատար խողովակի մասին հարց եմ բարձրացնում, իսկ թաղապետարանը պատասխան նամակում տանիքի մասին է խոսում․․․ Թաղապետարանը փաստորեն չի անդրադառնում իմ արծարծած խնդրին, փոխարենը մատն ուրիշ խնդրի վրա է դնում՝ միևնույն ժամանակ լվանալով ձեռքերը և համատիրությանը, իբր մեկ չլուծվածը քիչ էր, մեկ այլ խնդիր  հասցեագրելով․․․

Բնակիչ (զանգում է Ֆ Քեշիշյանին)- Տիկի՛ն Քեշիշյան, քաղաքապեպարանը, թաղապետարանն ու օրենքը, խոսքները մեկ արած, պնդում են, որ համատիրությունն է պատասխանատու մեր շենքի խնդիրների վերացման համար։ Ես էլ՝ որպես բնակիչ, իրավունք ունեմ պահանջելու, որ համատիրությունը կատարի իր պարտականությունները։

Ֆ Քեշիշյան – Մեկ խնդրելով ես խոսում, մեկ պահանջում ես․․․ Վերջը դու ի՞նչ լեզվով ես խոսում, քեզ չեմ հասկանում․․․ Կրկնում եմ՝ համատիրության լիազորությունների մեջ չի մտնում անձրևատարի նորոգումը։ Համատիրությունն առհասարակ օգնում է միայն ծայրահեղ վթարային իրավիճակների դեպքում։ Միջոցներ էլ չունի։ Բնակիչներից գանձվող 20 դրամը չի բավականացնում թղթերի, փոստային ծառայության գումարների և հազար ու մի այլ ծախսի համար։  Արդեն ասել եմ՝ համատիրությունը չունի նաև մասնագետներ վարչական շրջանների հետ համագործակցող ՍՊԸ-ներն են լուծում նման հարցերը։ Բացի դրանից, 2021 թ-ից դարձյալ սկսվել է գույքահարկի գանձումը, որ երկար ժամանակ կասեցված էր, և եթե գույքահարկ է գանձվում, ուրեմն գանձողներն էլ պարտավոր են հոգալ անշարժ գույքի պահպանման ծախսերը։

Օրենք – Տիկին Քեշիշյանի ասածը վերաբերում է 2021 թ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությանը, որով անշարժ գույքի հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր։ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում նշել է, որ գույքահարկի մասին օրենքի փոփոխությամբ հարկահավաք մարմինը համայնքն է, ինչը ենթադրում է, որ համայնքային բյուջեն մեծանալու է:  Օրինակ է բերել սուբվենցիոն ծրագրերը, որոնցով վերջին շրջանում շատ համայնքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Ըստ պաշտոնյայի՝ հարկերի հավաքագրումը ավելի շատ եկամուտ կբերի քաղաքային համայնքներին, և Երևանն այս հարցում առաջատար է:

Բնակիչ – «Բարև Ձեզ, հարգելի՛ պարոն Կարոյան, 

Նոր Նորքի 1/5 համատիրության նախագահ Ֆլորա Քեշիշյանը հերքում է բազմաբնակարան շենքի անձրևատարը վերանորոգելու՝ համատիրության պարտավորությունը։ Պատճառաբանում է, որ քանի որ փոխվել է գույքահարկի մասին օրենքը, խստացվել է գույքահարկի վճարման կարգը, և այժմ բոլորը վճարում են հարկը, ապա քաղաքապետարանն ու թաղապետարանն են պատասխանատու նման խնդիրների լուծման համար։ Կցանկանայի ստանալ Ձեր մեկնաբանությունը համատիրության նախագահի դիրքորոշման վերաբերյալ, որպեսզի կարողանամ ծրագրել հետագա քայլերս։

Կանխավ շնորհակալ եմ»։ 

Քաղաքապետարան - -------------------------

 

Բնակիչ /փորձելով գոնե սիրաշահել/- Տիկի՛ն Քեշիշյան, խնդիրը, մեկ է, Ձեզ մնում։ Խնդրում եմ, մի բան արեք։

Ֆ Քեշիշյան – Միշտ էլ հարկ եղած դեպքում օգնել ենք բնակիչներին, հիմա էլ կօգնենք, չնայած մեր գործը չէ։ Կարող ես զանել ջրմուղի աշխատող կոյուղագործ Ա-ին։ Վճարի դիմաց կարող է օգնել։ Համատիրությունն էլ կօգնի ֆինանսապես պարտք ունեցող բնակիչներից դուրս կգանք անհրաժեշտ գումարը։ 

Բնակիչ /պատմում է հարևանուհուն, բայց պատմել է նաև որպես լրագրողական նյութ /- Զանգեցի Ֆլորայի խորհուրդ տված մասնագետին։ Եկավ մեր շենք, ցույց տվեցի խողովակը, պատմեցի խնդրի մասին։ Ասաց՝ անձրևի ժամանակ պիտի տեսնի, որ կարողանա հասկանալ՝ կոնկրետ ինչ խնդիր է։ Պայմանավորվել ենք, որ մի անձրևոտ օր պիտի զանգեմ իրեն, որ գա ու պատկերացում կազմի խնդրի մասին։ Երկու ամիս է՝ անձրևի եմ սպասում .․․

(Այս պատմությունը կարող էր նաև անձրևին սպասել-չսպասելու և էլի ուրիշ բաների մասին լինել)

Մարիամ Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter