Համատիրությունը, շենքի հեղեղատար խողովակն ու անձրեւին սպասելը
Ջերմաստիճանը ստվերում չգիտեմ էլ՝ քանի աստիճան է։ Բոլորը շոգից բողոքում են։ Ապարան էլ գնացինք, հետներս անձրև չբերեցինք Երևան։ Բայց անձրևն ինձ միայն զովանալու համար չէ, որ պետք է․․․
Բանն այն է, որ Նոր Նորքի 1/5 համատիրության նախագահ Ֆլորա Քեշիշյանի խորհրդով մոտ երկու ամիս առաջ կապ եմ հաստատել «ջրմուղի աշխատող կոյուղագործ» Ա․-ի հետ, որը, ըստ համատիրության նախագահի, որոշակի վճարի դիմաց կարող է օգնել լուծելու մեր 12 հարկանի շենքի հեղեղատարի խնդիրը․ այն խափանված է, և անձրևների ժամանակ շենքի հարկերում լճակներ են գոյանում։ Ֆլորա Քեշիշյանը երկար բանակցելուց հետո խոստացել է օգնել ֆինանսապես՝ համատիրությանը պարտք ունեցող բնակիչների հաշվից «դուրս գալով» անհրաժեշտ գումարը (այստեղ բան չեմ ասում նրա մասին, որ բնակիչները նախ կուզեին իմանալ՝ ինչ են եղել նախկինում իրենց վճարած գումարները)։ Կոյուղագործ Ա․-ն, մեր շենք ժամանելով, նախնական զննում է արել, հետո ասել է ինձ, որ անձրևի ժամանակ պետք է տեսնի խողովակը, որ հասկանա՝ կոնկրետ ինչ խնդիր կա։
Եվ ես՝ 9-րդ հարկի բնակիչս, որ արդեն մի քանի ամիս համատիրություն-քաղաքապետարան-թաղապետարան խողովակներով փորձում եմ լուծում գտնել մեր բազմակնակարան շենքի ջրահեռացման խնդրի համար, բայց քաղաքավարությամբ խնդիրն իրենցից հեռացնելուց բացի ոչինչ չեմ գտնում, անձրևի եմ սպասում։
Իսկ 12-րդ հարկի բնակիչ Թոմն անձրևի չի սպասում։
Փոխարենը Թոմը պատմում է, թե ինչպես կինն իրեն աչքալուսանք տվեց, որ մի երկու րոպե առաջ է դուրս եկել անկողնուց։
Փաստորեն 12-րդ հարկի բնակարանների առաստաղները քանդվում են, իսկ քանդվող առաստաղների պատճառը վատ վերանորոգված տանիքն է։ Թոմը դրա մասին էլ է պատմում։
Ցույց տալու համար, որ խնդիրը միայն իր բնակարանում չէ, զրուցակիցս ինձ նաև հարևանի բնակարանն է ուղեկցում։
Թոմի պատմածով արդեն իմ՝ 9-րդ հարկի բնակչիս տեսած ջրահեռացման խողովակի խնդիրն է մեջտեղ գալիս։ Պարզվում է՝ դա սերտ կապ ունի 12-րդ հարկի բնակիչների համար առաջնահերթ տանիքի վերանորոգման կարիքի հետ։
Իմ ու Թոմի «ճամփորդության» ընթացքում մյուս հարևաններն էլ են ոգևորվում․ ցանկանում են ցույց տալ, որ իրենց բնակարանում էլ նույն խնդիրը կա։ Բոլորն էլ հույսները կտրել են, որ խնդիրը կլուծվի։
Տանիք էլ ենք բարձրանում։ Թոմը նույն պատմությունը տանիքին էլ է անում։
Ասում է՝ հարևաններով դիմել են թաղապետարան, որն էլ քաղաքավարությամբ ուղղորդել է իրենց համատիրություն։ Համատիրության ղեկավարն էլ իր հերթին բնակիչներին է հասցեագրել խնդիրը․ թող բնակիչները մասնագետներ գտնեն, լուծեն խնդիրը, իսկ համատիրությունն էլ բնակիչների տուրքերի-պարտքերի գումարի չափով կաջակցի։ Թոմը լուծման իր տարբերակն է ներկայացնում․ քաղաքապետարանի աջակցությունն է ակնկալում։
Շենքի հարկերով մեր «զբոսանքն» առաջին հարկում ենք ավարտում։ Թոմը լրջորեն է տրամադրված․ պատրաստ է նաև դատարան դիմելու։
Ցելոֆանե տոպրակներ, սկուտերներ, աղամանի արգելք... Մինչդեռ բանավիճելու անթիվ ավելի կարևոր թեմաներ կան։ Նանսենի 17 շենքի թեմայով, օրինակ, փաստացի նման բանավեճ է դուրս գալիս, եթե կարծիքները հավաքող ու գրառող գտնվի։
Ինչ ասես քննարկվել է ԱԺ-ում, երբ անթիվ իսկական հարցեր կային․․․
Տանիքի՞ նորոգումն է առաջնահերթ, թե՞ հեղեղատար խողովակի։ Մեկնումեկը լուծել գոնե հնարավո՞ր է։ Իսկ չի՞ կարելի լուծել երկուսը միասին։ Շքեղությո՞ւն կլինի։ Հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից։ Իրար հերքող օրենք ու իրականություն։ Ո՞վ է սահմանելու առաջնահերթությունները, ո՞վ է հետևելու օրենքի կատարմանը։ Մի քանի տեղից խափանված, շղթան կոտրված թափանիվ, որ ուղղակի չի պտտվում։
Մարիամ Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել