Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը Վճռաբեկ դատարանում վերամակագրվել է Կարեն Բիշարյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը Վճռաբեկ դատարանում վերամակագրվել է դատավոր Կարեն Բիշարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Բիշարյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է: Գրիգորյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել մինչև Հակակոռուպցիոն պալատի ձևավորումը, սակայն դրանով դեռևս որոշում չի կայացրել:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում 2022 թվականի փետրվարին կատարված փոփոխությունների համաձայն՝ «մինչև Քաղաքացիական, Վարչական և Հակակոռուպցիոն պալատները գործելը ոաղաքացիական, վարչական և որեական պալատի վարույթ ընդունած բողոքները համապատասխան պալատները գործելու պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի պալատների միջև»: Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործը վերաբաշխվել է հակակոռուպցիոն պալատին:
Նշենք, որ Կարեն Բիշարյանը մինչև հակակոռուցիոն պալատի դատավոր նշանակվելը եղել է Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության համար ստեղծված մասնագիտացված դատարանի դատավոր, իսկ դրանից առաջ՝ դատախազ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Բիշարյանը եղել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից, իսկ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործը կապվում է Քոչարյանի գործի հետ:
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որին 2019 թվականին մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։
Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:
Քոչարյանի և մյուսների գործով որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը: Բողոքի հիման վրա, արդեն այն ժամանակահատվածում, երբ Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել Քոչարյանին և նրա վերաբերյալ գործն ուղարել Սահմանադրական դատարան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։
Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:
Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։
Երբ գործն արդեն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, առանց գործը դատաքննության նշանակելու որոշում է կայացրել Գրիգորյանի և վերջինիս օժանդակելու մեջ մեղադրվող նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել: Բալայանը դատական ակտում դիրքորոշում է հայտնել, որ դատավորի անձեռնմխելիությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս հաղթահարված չի եղել:
Դավիթ Բալայանի այս որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ, որի դեմ Գլխավոր դատախազ Արթուր Դավիթյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ դատարանի դատական ակտի բովանդակության հետ որոշ անհամաձայնություններ ունենալով՝ Վճռաբեկ բողոք են տարել նաև Դավիթ Գրիգորյանն ու Գոռ Վարդանյանը:
Մասնավորապես՝ դատավոր Դավիթ Բալայանը իր դատական ակտում դիրքորոշում է հայտնել նաև, որ եթե անգամ Դավիթ Գրիգորյանին և Գոռ Վարդանյանին վերագրվող արարքները պարունակում են հանցակազմի հատկանիշներ, դրանք նվազ կարևոր լինելու ուժով չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել: Վերաքննիչ դատարանը, դատական ակտի այդ մասով դիրքորոշում է հայտնել, որ առանց դատաքննության առաջին ատյանի դատարանը չէր կարող նման եզրահանգում կատարել: Վերաքննիչ դատարանի այդ դիրքորոշմանն է, որ պաշտպանական կողմը չի համաձայնել և Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Մեկնաբանել