
Բորիս Ջոնսոնը Կիևում հայտարարել է Ուկրաինային տրվող ռազմական նոր օգնության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո երրորդ անգամ այցելել է Կիև։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարևոր է մեզ բոլորիս համար։ Հենց այդ պատճառով այսօր ես գտնվում եմ Կիևում։ Հենց այդ պատճառով Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել մեր ուկրաինացի ընկերներին։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է և կհաղթի այս պատերազմը»,- գրել է Բորիս Ջոնսոնը։
What happens in Ukraine matters to us all.
— Boris Johnson (@BorisJohnson) August 24, 2022
That is why I am in Kyiv today.
That is why the UK will continue to stand with our Ukrainian friends.
I believe Ukraine can and will win this war. pic.twitter.com/FIovnqJGTS
Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինայի առաջնորդը, մեկնաբանելով Ջոնսոնի այցը, հայտարարել է, որ «ուրախ է Անկախության օրը ողջունել Ուկրաինայի մեծ ընկերոջը՝ Բորիս Ջոնսոնին»։
«Բորիս, շնորհակալություն ռուսական լայնամասշտաբ ագրեսիայի առաջին օրերից մեր երկրին ցուցաբերած անզիջում աջակցության, միջազգային ասպարեզում Ուկրաինայի շահերի հետևողական պաշտպանության համար»,- հայտարարել է Զելենսկին։
Բորիս Ջոնսոնը Կիև այցի ընթացքում հայտարարել է 54 միլիոն ֆունտի չափով (63,5 միլիոն դոլար) Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է հրթիռային համակարգեր, Black Hornet տեսակի 850 միկրոդրոն և 2000 այլ անօդաչուներ։
Օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի Անկախության օրը, Կիևում 5 անգամ հայտարարվել է օդային տագնապի ազդանշան, այդ թվում Ջոնսոնի այցի ժամանակ։
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Նա կշարունակի կատարել կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնները, մինչև կընտրվի նոր առաջնորդը։ Պայքարն ընթանում է արտաքին գործերի գործող նախարար Լիզ Թրասի և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքի միջև։
Լուսանկարը՝ Բորիս Ջոնսոնի թվիթերյան միկրոբլոգից
Մեկնաբանել