HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Pegasus կիբերզենքը ստեղծած իսրայելական NSO Group-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

Pegasus կիբերզենքը ստեղծած իսրայելական NSO Group-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շալև Հուլիոն հրաժարական է տվել։ Այս մասին կիրակի օրը՝ օգոստոսի 21-ին , NSO Group-ը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։ Ըստ NSO Group-ի՝ երկարամյա տնօրենը ազատվում է պաշտոնից ընկերության ներքին վերակազմավորման շրջանակներում։ 

Ընկերության ղեկավարումը կստանձնի օպերացիոն տնօրեն Յարոն Շոհաթը, որն էլ կգլխավորի նաև վերակազմավորման գործընթացը։ 

NSO Group-ի հայտարարությունում ասվում է, որ  ընկերությունը կուսումնասիրի բիզնեսի բոլոր ասպեկտները, որպեսզի NSO-ն շարունակի մնալ աշխարհի առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ կիբերհետախուզության ոլորտում՝ հատկապես ուշադրության դարձնելով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։

NSO Group-ի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով Bloomberg-ին հայտնել է, որ ընկերությունը պատրասվտում է աշխատանքից ազատել իր 750 աշխատակիցներին 100-ին։

2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ NSO Group-ում աշխատում են նաև իսրայելական ռազմական հետախուզության նախկին աշխատակիցներ։ 

NSO Group-ի ստեղծած Pegasus լրտեսական ծրագիրը ներդրվում է թիրախների հեռախոսների մեջ, և տվյալ անձը առանց որևէ մասնագիտական օգնության չի կարող հասկանալ, որ իր հեռախոսում կիբերզենք է տեղադրվել։ Pegasus-ի միջոցով հնարավոր է տիրանալ հեռախոսի ամբողջ ինֆորմացիային, գեոլոկացիոն տվյալներին, հնարավոր է միացնել հեռախոսի տեսանկարահանող և ձայնագրող ֆունկցիաները, և այդ ամենը առանց հեռախոսի տիրոջ միջամտության։

OCCRP-ն հաղորդել էր, որ տարբեր երկրներ Pegasus-ը օգտագործել են իրավապաշտպանների, լրագրողների, պետական պաշտոնյաների, ինչպես նաև առնվազն 10 երկրների ղեկավարների դեմ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։ OCCRP-ի տվյալներով՝ NSO Group-ի ծառայություններից օտգվել են Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Մեքսիկան, Ղազախստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Հնդկաստանը։

Կիբերզենքերի ներթափանցումից անմասն չի մնացել նաև Հայաստանը։ Արցախյան 2020թ․ պատերազմի օրերին Pegasus կիբերզենքն օգտագործվել է Հայաստանում մի քանի անձանց դեմ, որոնց թվում եղել են ռազմական վերնախավի և կառավարության ներկայացուցիչներ։ Pegasus-ի թիրախում են եղել նաև ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետող անձինք։ 2021թ․ սեպտեմբերին Pegasus է հայտնաբերվել նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների հեռախոսներում։ 

Իսրայելական արմատներ ունեցող մեկ այլ ընկերության` Cytrox-ի ստեղծած Predator կիբերզենքն էլ հայտանբերվել է Հայաստանում մեդիայի երկու ներկայացուցիչների հեռախոսներում։

2021 թվականի նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը NSO Group-ին ներառել է «սև ցուցակում», և ըստ այդ պատժամիջոցի՝ NSO Group-ը չի կարող ամերիկյան ընկերություններից ստանալ սարքավորումներ, որոնք կօգտագործվեն լրտեսական ծրագրերի ստեղծման մեջ։ OCCRP-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ «սև ցուցակում» հայտնվելուց մեկ շաբաթ անց ընկերության գործադիր տնօրենը, որը պետք է փոխարիներ Շալև Հուլիոյին, լքեց NSO Group-ը։

2022թ․ ապրիլին Եվրոպական խորհրդարանը հանձնաժողով ստեղծեց, որը պետք է ուսումնասիրեր Pegasus-ի գործունեությունը՝ պարզելով, թե արդյոք այդ ծրագրի օգտագործումը չի՞ հակասում Եվրամիության օրենքներին և հիմնարար իրավունքներին։

Այս տարվա մարտին էլ New York Times-ը հաղորդել էր, որ Իսրայելի կառավարությունը արգելափակել է Pegasus-ի վաճառքը Էստոնիային և Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, որ այն վնաս կհասցնի Իսրայելի և Ռուսաստանի հարաբերություններին։

NSO Group-ը մշտապես հայտարարում է, որ Pegasus-ը օգտագործվում է միայն ահաբեկիչների և հանցագործների հետապնդման նպատակով, և երբեք չի օգտագործվում իրավապաշտպանների, լրագրողների կամ պետական պաշտոնյայների դեմ։

Լուսանկարը՝ Forbidden Films-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter