HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Կատարո» գինին և Տողի տնտեսական կորուստները

Արցախի Տող գյուղը, պատմամշակութային կենտրոն լինելուց բացի, հայտնի էր նաև  «Կատարո» գինիներով և գյուղում անցկացվող գինու փառատոնով։ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես բոլոր տողեցիները, այնպես էլ գինեգործ Ավետիսյանների ընտանիքը կորցրեց ամեն ինչ։

«Կատարո» գինու գործարանի հիմնադիր Ավետիսյանների ընտանիքը 2021թ․-ին «Կատարո» գինու նոր գործարան հիմնեց Հայաստանում՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Գինու հումքի մեծ մասը բերվում է Արցախից։ Այստեղ աշխատում են տեղահանված տողեցիները։ 

Նորաբաց գործարանում հանդիպեցինք Գրիգորի Ավետիսյանին, տողեցիներին, «Կատարո»-ի գինեգործ Անդրանիկ Մանվելյանը հիշեց պատերազմի առաջին օրերը Տողում։

 

«3 օր անձրև եկավ։ Անձրևը կտրվեց, բերքը հավաքեցինք։ Վարդագույնը սարքեցինք։ Մեկ էլ տագնապ տվեցին։ Ով աշխատում էր, կանչեցին պոստ։ Բա ի՞նչ ա եղել. թուրքերը ծանր տեխնիկան մոտեցրել են սահմանին», - պատմում է Անդրանիկ Մանվելյանը։

Անդրանիկը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո»  գինու գործարանի գինեգործն է։

«Սեպտեմբերի լույս 27-ի գիշերն արթնացանք պայթյունից։ Մտածում էի՝ սառնարանն է։ Հետո երկրորդ դմփոցը լսվեց։ Լուսամուտից ծուխը տեսա Թութակ սարի կողմում։ Թութակը Տող գյուղից արևելք՝ առաջնագծի կողմում գտնվող սարն է»,- պատմում է Մանվելյանը։

Հասկանում է, որ պատերազմ է սկսվել։ Գնում է գործարան, տուն է ուղարկում երկու կին աշխատողներին։ Մնում են տղամարդկանցով՝ որոշելու ինչ են անելու։

«Արդեն բոլորով հավաքվեցինք մոտ ժամը 10-ի կողմերը։ Մի հատ «Կատարո ռեզերվ 2015» բացեցինք, խմեցինք մեր տղերքի կենացը, որ կռիվ են տալիս մեր համար հիմա։ Ու արդեն սկսվեց մոբի հավաքը։ Բայց կեսօրից հետո սկսեցինք գործը, որովհետև աշխատանքը նենց էր, որ եթե չշարունակեինք, գինին կփչանար։ Ու մտածում էին, որ հեսա մի քանի օրից պրծնելու է: Լավ, կռիվը սկսվեց, հեսա գնալու ենք վերջները տանք, պրծնենք, տնտեսությունը պետք է զարգացնել չէ՞ հետո», - պատմում է առաջին օրվա մասին։

«Կատարո»-ն պատերազմի ընթացքում

Պատերազմի օրերին գործարանում աշխատողներ չկային․ գրեթե բոլորը զորակոչվել էին, մեկնել առաջնագիծ։ Մնացել էին երկու աշխատող՝ Անդրանիկը ու գործընկերը, որ պիտանի չէր ճանաչվել ծառայության համար։

«Օրվա կեսը գնում էր, զենք էր բարձում պահեստում (Տողում զենքի պահեստ կար, հեղ.), մյուս կեսը գալիս էր, հոգնած իմ հետ գործ էր անում։ Մինչև գիշերվա 9-10 մնում էինք, առավոտից սկսում էինք, երեկոյան գնում տուն։ Ես էլ մենակ էի, չէի հասցնում, տնից ինձ համար էլ էր սնունդ բերում»,- պատմում է Անդրանիկը։

Գործարանի աշխատանքն այսպես շարունակում են մինչև հոկտեմբերի 11-ը։

Անդրանիկ Մանվելյանը «Կատարո»-ում աշխատում է 2019 թվականից։ Գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանի հետ ծանոթացել էին դրանից 10 տարի առաջ․ մեկը՝ որպես գինեգործ, մյուսը՝ որպես արտադրող։ Երբ Անդրանիկը աշխատանք չուներ, Գրիշը (այսպես են անվանում Գրիգորի Ավետիսյանին) նրան հրավիրել էր Տող՝ «Կատարո»-ում աշխատելու։

Ասում է՝ երբ առաջին անգամ Ստեփանակերտ եկավ, սիրահարվեց մաքուր և մարդամոտ քաղաքին։ Հետո հաստատվեց Տողում, որտեղ մենակ էր ապրում, միայն արձակուրդներին կա՛մ ընտանիքն էր գալիս, կա՛մ ինքն էր վերադառնում Հայաստան՝ քաղաք Աբովյան։

Պատերազմի սկսվելուց հետո իր դուրս գալու մասին խոսք չի եղել, շարունակել է աշխատել։ Պատմում է, որ գյուղացիները վստահ էին, որ պատերազմն ավարտվելու է մեր հաղթանակով:

«Մինչև հոկտեմբերի 10-11-ը մարդիկ գյուղում են եղել։ Գյուղի մեծ մասը դուրս չէր եկել։ Ասում էին՝ ի՞նչ է, գալու են հասնեն Հադրո՞ւթ», - պատմում է Անդրանիկը։

Սեպտեմբերի 28-ից Ջրականի հոսպիտալը տեղափոխվում է Տող։ Անդրանիկը մի քանի անգամ գնում է այնտեղ․ մտածում է գուցե ինչ-որ բանի կարիք լինի, օգնելու անհրաժեշտություն լինի։ Այնտեղ էլ հասկանում է՝ ինչ-որ բան այն չէ, երբ խոսում է այնտեղ նոր տեղափոխված զինվորների հետ։ Զինվորներից մեկը պատմում է, որ մարտի էլ չեն մասնակցել, «գլխներին մարդ չի եղել», «Սմերչ»-ի արկի պայթյունի ժամանակ հողածածկ են եղել։

Ասում եմ՝ ո՞նց է, մերոնք առա՞ջ են գնում։ Ասում է՝ մերոնց ընդհանուր զոհերի մասին իմացածդ թիվը ինչքա՞ն է։ Ասում եմ՝ էսօր ոնց որ 80 են ասել։ Ասում է՝ տենց բան չկա, էտքան մենակ նոր է եղել։ Ես չեմ հավատում էլի, դիսոնանս է մի ձևի, ո՞նց։ Դա էր առաջին բանը։ Մեկ էլ բազմաթիվ պատգարակները՝ լրիվ արյունոտ, կողքի վրա կանգնեցրած։ Հասկացա, որ ոնց որ մի բան էն չի, էնքան էլ չենք հաղթում»,- պատմում է Անդրանիկ Մանվելյանը։

Չնայած նույնիսկ այս կասկածներին՝ երբեք չեն մտածել գործարանը տարհանելու մասին։ Նույնիսկ գործարանին պատկանող բեռնատարները ներգրավված էին զենքի տեղափոխման աշխատանքներում։ Ինքը՝ Անդրանիկը, նույնպես չէր մտածում դուրս գալու մասին, բայց վարակվում է կորոնավիրուսով, գալիս է Աբովյան, ծանր է տանում հիվանդությունը, չի կարողանում վերադառնալ։

«10 հազար շիշ գինի, գինու հայտնի անունն ու իրենց հիշողությունները․ միայն սա է, որ Տողից տարհանել են, բերել իրենց հետ։ Մնացած ամեն ինչը մնացել է՝ արտադրական սարքեր, շշալցված ու չշշալցված գինի, չքաղված այգիներ, ամեն ինչ»,- պատմում է Անդրանիկը:

«Կատարո» գինիների հիմնադիր Գրիգորի Ավետիսյանը երբեք չի խոսում կորցրածի մասին, չի էլ համակերպվում կորցնելու փաստի հետ։

«Կռվի ժամանակ, երբ Գրիշը Տողում էր, իսկ ես արդեն Աբովյանում էի, զանգում էի իր հետ խոսում էի, ես ավելի էի ոգևորվում։ Չի եղել, որ զանգեմ, իր հետ խոսեմ, տրամադրությունս գցեմ, դեպրեսիայի մեջ ընկնեմ։ Ինքը տենց մարդ է, որ իր հետ խոսում ես, ոգևորվում ես։ Բայց ինքն էլ է մարդ էլի, քարից չէ, մեջն է պահում»,- Ավետիսյանի մասին պատմում է Անդրանիկը։

Տնտեսական այլ կորուստներ

Տնտեսական մեծ կորուստներ են եղել նաև արդեն հավաքված հացահատիկը, որ ամբարվել էր պահեստներում, ինչպես նաև բենզալցակայանը, որտեղ մեծ ծավալի վառելիք էր մնացել։

Երկուսն էլ պատկանում էին Արմո (Արամայիս) Ավետիսյանին, որը «Կատարո»-ի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանի եղբայրն է։ Նա պատմում է, որ սեպտեմբերի 20-ին էր մեծ չափաքանակով դիզվառելիք ներկրել՝ 150 հազար լիտր։ Մի մասը թողել էր Մեղրիում։ Տող էր հասցրել շուրջ 100 հազար լիտր, որից 12 հազարն էլ սպառել էր մինչև պատերազմն ու դրա ընթացքում։

Վարչակազմի հրահանգով նաև 12 տոննա բենզին է տրամադրել շտապօգնության և այլ մեքենաներին։ Պատմում է՝ ինչպես էին լիցքավորում հայկական տանկերը ու ցույց տալիս տեսանյութը։

«Զապրավշիկը զանգել ա, ասում ա՝ աբլիցովկան ջարդելու են։ Ասում եմ՝ արա՜, ի՜նչ աբլիցովկա։ Թող լցնի ․․․․ էն մինը եկավ, ստվոլով տրաֆարետ, բան ջարդեց։ Ջահել երեխեք էին»,- պատմում է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ դիզվառելիքի իր պահեստից էին օգտվում ոչ միայն Տողի, այլև առհասարակ Արցախի հարավ-արևելքի՝ Ֆիզուլիի (Վարանդա), Ջաբրայիլի (Ջրական), ազատագրված շրջանների խոշոր հողօգտագործողները։

Ավետիսյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ 88 հազար լիտր դիզվառելիք է մնացել լցակայանի պահեստներում։

Վառելիքից բացի, ադրբեջանցիներին է մնացել նաև Ավետիսյանին պատկանող հացահատիկը՝ պահեստավորված։ Ավետիսյանի խոսքով՝ միայն իր պահեստում 170 տոննա հացահատիկ է մնացել։ Իրեն պատկանող ցորենն էր՝ բերքահավաքից հետո։

Ավետիսյանը 70-75 հեկտար ցորեն էր աճեցնում։

Բնակիչների կորուստները

Տողի գյուղապետ Վարդան Գրիգորյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ գյուղն ուներ մոտ 330 հեկտար վարելահող, որտեղ ցորեն ու գարի էին վարում։ Միայն 20 հեկտար կազմում էին «Կատարո»-ի խաղողի այգիները, ևս մոտ 70 հեկտարի վրա խաղող էին աճեցնում բնակիչները։ Կային նաև արոտավայրեր։

«Գյուղում ապրում էր 812 բնակիչ։ Զբաղվում էին մանր-միջին բիզնեսով, հիմնականը՝ հողագործություն, անասնապահություն»,- նշում է գյուղապետը։

Գրիգորյանը ներկայացնում է նաև անասնագլխաքանակի մասին տվյալներ։ Որոշ տարբերություններով՝ նույնպիսի տվյալներ հայտնում է նաև Արցախի ՏԿԵ նախարարությունը։

Տողի բնակիչները կորցրել են նաև մեծ թվով գյուղտեխնիկա։ Գյուղի անկման հետևանքով գյուղացիներին պատկանող 155 միավոր գյուղտեխնիկա է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանց թվում՝ 13 կոմբայն, 31 տրակտոր և այլն։

Տողի գյուղապետի խոսքով՝ գյուղտեխնիկայի միայն չնչին մասն է դուրս բերվել պատերազմի ընթացքում։ Մեծագույն մասը մնացել է ադրբեջանցիներին։

Այնուամենայնիվ, առանձին վերցրած, գյուղի ամենամեծ տնտեսությունը «Կատարո»-ն էր։ Գինու գործարանը (պաշտոնապես՝ «Անուշ-1» ընկերություն) 2019 թվականին Արցախի բյուջե վճարել էր մոտ 54 մլն դրամ հարկ։ 2020-ին այդ հարկերի ծավալը նվազել էր մինչև 29 մլն դրամ։

Անդրանիկ Մանվելյանը նշում է՝ «Կատարո»-ն ոչ միայն ամենահայտնի գինի արտադրողն էր Արցախում, այլև խոշոր հարկատու, զբոսաշրջության ինքնուրույն ուղղություն և աշխատանքի, արտադրության օրինակ, որ ոգևորում էր նաև այլ մարդկանց։

«Արտասահմանում «Կատարո»-ն հայտնի էր։ Մեծ բան էր։ Հաջողությունը տեսնելով՝ մարդիկ ուզում էին իրենք էլ մտնեին էդ գործի մեջ»,- պատմում է Անդրանիկ Մանվելյանը։

«Կատարո»-ն էր կազմակերպում նաև Տողի գինու փառատոնը, անցկացնում էր Մելիք Եգանի պալատում։ Հավաքվում էին Արցախի, Վայքի և այլ տեղերի գինեգործները, ցուցադրում էին գինին, աշխուժացնում Տողի տնտեսությունը, շահում էին բոլորը։

Չնայած պատերազմի կորուստներին՝ «Կատարո»-ն վերականգնվում է։ Խորհրդանշական է, որ հիմնարկն աշխատելու է նույն հզորությամբ ու նույն անձնակազմով, արդեն Հայաստանում։ Աշխատանքի են վերցրել Հայաստան տեղափոխված իրենց աշխատակիցներին ու մյուս տողեցիներին։ Խաղողի մեծ մասն էլ մթերում են Արցախից։

2021 թ․-ի սեպտեմբերից «Կատարո» գինու արտադրությունը՝ նույն աշխատակիցներով ու նույն խաղողով, կազմակերպվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:

 

Հեղինակներ՝ Հայկ Մակիյան, Գարիկ Հարությունյան, Լիաննա Պետրոսյան

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Հակոբ Պողոսյանի և արխիվային

Գլխավոր լուսանկարը՝ Տաթև Խաչատրյանի, լուսանկարում՝ Գրիգորի հոր պապը Տողի իրենց խաղողի այգում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter