HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռեկորդային շահույթ, վարկերի ու ավանդների համեստ աճ. բանկերը՝ առաջին կիսամյակում

Առաջին կիսամյակում Հայաստանի բանկերը ռեկորդային շահույթ են գրանցել։ Միաժամանակ, ակտիվները, կապիտալը, ավանդներն ու վարկերը աճել են ավելի համեստ տեմպերով։ Բանկերի միության գործադիր տնօրենը շահույթի աճը պայմանավորում է ոչ թե տոկոսային եկամուտների աճով, այլ՝ ոչ ռեզիդենտների գործարքներով ու զբոսաշրջիկներին մատուցված ծառայություններով։

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկերի գրանցած շահույթը՝ 111 մլրդ դրամը, աննախադեպ է։ Վերջին առնվազն տասը տարիներին անգամ տարեկան կտրվածքով հայաստանյան բանկերը նման ծավալի շահույթ չեն ստացել։ Համեմատության համար՝ վերջին տարիներին շահույթի ամենաբարձր մակարդակը, տարեկան կտրվածքով, գրանցվել է 2021 թվականին՝ 87.3 մլրդ դրամ։

2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն ավելացել է շուրջ 70 մլրդ դրամով։

Ինֆոգրաֆիկայում սև սյուներով ներկայացված է Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը՝ տարեկան տվյալներով։ Իսկ կանաչ սյունով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում։

«Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումների աճն էական չի եղել, տոկոսադրույքներն ու տոկոսային եկամուտները ևս էապես չեն փոխվել և հիմնականում մեծացել են ոչ տոկոսային եկամուտները։ Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նա կարծում է, որ վերջին տարիներին, առերեսվելով մի շարք մարտահրավերների, Հայաստանի բանկային համակարգում շահույթի մակարդակը «մշտապես եղել է էապես ցածր մակարդակում»։

Բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին կիսամյակի ցուցանիշները, ըստ որոնց՝ կիսամյակի ընթացքում բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 213 մլրդ դրամով կամ 23%-ով՝ կազմելով 1 տրլն 139 մլրդ դրամ։

Ակտիվներն աճել են շուրջ 193 մլրդ դրամով կամ 2.74%-ով՝ կազմելով 7 տրլն 239 մլրդ դրամ։

Վարկերի աճը դանդաղել է և մոտեցել 0-ի

2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից հաճախորդների տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 996 մլրդ դրամ։ Տարեսկզբի համեմատ այն աճել է ընդամենը 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով։

Վարկերի կազմում գերակշռում են սպառողական, հիփոթեքային և արդյունաբերության ոլորտին տրվող վարկերը։

Հատկանշական է, որ տարեսկզբի համեմատ տնտեսության մի շարք ճյուղերին տրամադրվող վարկերի ծավալը էապես կրճատվել է։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկային պորտֆելը նվազել է 20.3%-ով։ Վարկավորման բացասական տեմպեր են սպասարկման ոլորտում, արդյունաբերությունում, առևտրում և այլն։

Աճի թույլ տեմպ է գրանցվում սպառողական, գյուղատնտեսական և շինարարական վարկերի գծով։

Իրավիճակը մասնակիորեն «փրկում են» հիփոթեքային և ֆինանսական հատվածին տրամադրվող բանկերը։ 

«Բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022 թվականի հունիսին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 1.4%-ով, ԱՄՆ դոլարով վարկերի տոկոսադրույքները՝ 0.2%-ով»,- տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը։

Ավանդները աճել են ոչ ռեզիդենտների հաշվին

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի 17 բանկերում գտնվող ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 4 տրլն 72 մլրդ դրամ, որը տարեսզբի համեմատ աճել է 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով։

Ընդ որում՝ ռեզիդենտների ավանդները կազմել են 3 տրլն 128 մլրդ դրամ՝ նվազելով 0.5%-ով։ «Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են»,- նշել է Սեյրան Սարգսյանը:

Մինչդեռ ոչ ռեզիդենտների ավանդները ավելացել են 7.4%-ով՝ հասնելով մոտ 945 մլրդ դրամի։ Ենթադրվում է, որ խոսքը մեծ մասամբ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների ավանդների մասին է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter