HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-3. վարչապետի փեսայի համար հէկի լսումները ձևակա՞ն են

Թե ինչպես չկայացան փոքր հէկ կառուցելու հանրային լսումները

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրվել էր հայտարարություն, համաձայն որի' մայիսի 8-ին՝ ժամը 12.00-ին, «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Գողթանիկի գյուղապետարանում կազմակերպում է «Գողթանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Հաղորդագրության մեջ նաև հեռախոսահամար և հասցե էր նշված, որով կարելի էր կապ հաստատել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:

Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով մայիսի 7-ին կապ հաստատեցինք «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի ճշտենք' արդյոք փոփոխություններ չե՞ն եղել, լսումները տեղի ունենալո՞ւ են, և ՊՈԱԿ-ից ներկայացուցիչ մասնակցելո՞ւ է լսումներին, թե՞ ոչ: Մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ հավաստիացրին, որ լսումները կկայանան, և ՊՈԱԿ-ի փորձագետն էլ ներկա կլինի:

Մայիսի 8-ին Գողթանիկում էինք. լսումները տեղի չունեցան, որովհետև ոչ հէկը կառուցող «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ից, ոչ էլ բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չկար: Գյուղապետարանի մուտքի ցուցանակը դատարկ էր, լսումների մասին հայտարարություն փակցված չէր: Գյուղապետն էլ ավագանու մի քանի անդամների հետ ջրագծերի հետ կապված գործերով սար էր բարձրացել: Գյուղում բնակիչների հետ զրույցներից պարզ էր, որ «լսումներ» ասվածի մասին նրանք տեղյակ չէին, միայն լսել էին, որ նոր հէկ է կառուցվելու գյուղում:

Գողթանիկում արդեն իսկ սկսվել է երկու նոր փոքր հէկի կառուցումը: Արփա-Սևան ճանապարհին լայն թափով կառուցվում է «Եղեգիս-3» փոքր հէկը, գյուղի ներքեւում՝ «Եղեգիս-2»-ը: Մինչ սպասում էինք գյուղապետին ու ավագանու անդամներին, գողթանիկցի Արմինեն մեզ տարավ արդեն կառուցվող «Եղեգիս-2» հէկը ցույց տալու: Ճանապարհին պատմեց, որ փոքրիկ ջրվեժ կա գետի վրա, ամռանը զբոսաշրջիկներ են գալիս այնտեղ հանգստանալու: Եղել են դեպքեր, երբ վրաններով մնացել են ջրվեժի մոտ գիշերելու:

Ջրվեժի ապագայի համար գյուղապետ Համբարձում Սամվելյանը չի մտահոգվում: Ասում է' եթե փոքր հէկ կառուցեն, ջրվեժը կմնա, քանի որ ճանապարհին խողովակներից դուրս եկող և գետին միացող առու կա: Գուցե ջրի քանակը նվազի հէկի պատճառով, բայց ավագանու անդամները կատակով ավելացնում են, որ ավելի լավ է ջուրը նվազի, որովհետև երբ ջուրն առատ է, գետում լողալ չի լինում, «տանում կոխում է սալի արանքը, չես կարում լողաս»:

Երեք փոքր հէկերը հաջորդելու են իրար. մեկի խողովակաշարի ավարտից սկսվելու է մյուսինը: Ըստ գյուղապետ Համբարձում Սամվելյանի' «Գողթանիկ» հէկը պետք է լինի գյուղի ներքեւի' «Եղեգիս-2» հէկից անմիջապես հետո' Գողթանիկ թեքվող կամրջից ներքև, և «Եղեգիս-2»-ի ջուրը պետք է վերցնի «Գողթանիկ» հէկը' 1,6 կմ խողովակներ անցկացնելով:

«Մինչև հիմա ոչ մի պրետենզիա չունենք: Մի քիչ ջրի թողքով ենք մտահոգված ու ձկան պահով (գետում կարմրախայտ, բեղլու և կարաս տեսակի ձկներ կան - Ք. Ա.), բայց դա էլ կլինի ինձ թվում է: 150 լիտր պետք է թողք լինի»,- ասում է գյուղապետ Սամվելյանը: Նա վստահ է, որ գյուղին հէկերը վնաս չեն տա, քանի որ գյուղը գետից գրեթե չի օգտվում, չի ոռոգում գետի ջրով, ընդամենը 2 հա հող կա գետից ոռոգվող: Գյուղապետը կարծում է, որ գետը չի ջրազրկվի, քանի որ Խանջյանի առվից կառավարության որոշմամբ ոռոգման սեզոնին 4 խմ ջուր պետք է բաց թողնվի: «Այսինքն' դոտացիա են տալու, Արփա-Սևան թունելը մեզնից վերև է, խնդիր չենք ունենալու»,- համոզված է Հ. Սամվելյանը:

Գյուղապետը նաև հավաստիացնում է, որ մյուս երկու հէկերի վերաբերյալ գյուղի ավագանու և ակտիվիստների հետ հանրային քննարկում է եղել է, բնապահպանության նախարարությունից էլ ներկայացուցիչ է եղել, սակայն երբ խնդրեցինք ցույց տալ որևէ քննարկման արձանագրություն, Հ. Սամվելյանն ասաց, որ այդ փաստաթղթերն իր մոտ չեն, քարտուղարի մոտ են, ով արդեն չի աշխատում գյուղապետարանում և իր հետ տարել է դրանք:

«Ճիշտն ասած՝ էդ գործընթացը սկզբի օրվանից էլ գնում է, ժողովուրդը տեղյակ է, ուրախ են, ողջունում են: Այսօրվա դրությամբ վերևի հէկերը որ արված են, ժողովուրդն աշխատում է,- ասում է Համբարձում Սամվելյանը: -Այսօր եթե այդ հէկերն ամբողջ հզորությամբ աշխատեն, մեր համայնքի ջահելությանը տեղեր չի հերիքելու»: Գյուղից 6 բնակիչ է աշխատում հէկում, նախատեսված է, որ 5 հոգի էլ կառուցվողում կաշխատի, նույնքան էլ՝ ներքևի' «Գողթանիկ» հէկ-ում:

-Հիմա որ լսումները չկայացան, ի՞նչ պետք է անեք,- հարցնում ենք գյուղապետին:
-Դե նորից պետք է անենք, օր կփոխենք, ի՞նչ անենք: Գոնե իրենց ներկայացուցիչն էլ լինի, տենանք՝ ինչ անենք:
-Ձեզ զգուշացրե՞լ էին, որ չեն գալու այսօր:
-Չէ դե, ես սպասում էի:
-Իսկ ընկերության ներկայացուցիչն ինչո՞ւ չկար:
-Դե պիտի գար, ընկերության ներկայացուցիչն ինքը պիտի շահագրգիռ լիներ: Այստեղ իրենց շահագրգռվածությունն է, ինձ էնքան էլ բան չէ: Եթե էս չեղավ, վաղը իրենք թղթաբանության հետ պրոբլեմ են ունենալու: Ինձ թվում է' օրը կփոխենք, նորից կնշանակենք, կգան:

Մայիսի 8-ից ցայսօր նոր քննարկման մասին հայտարարություն չի տրվել:

Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ում է պատկանում «Հ.Հ. Ն. Մ. Ս.»-ն: Ասաց' չգիտեմ: Գյուղացիներն էլ զրույցի ժամանակ ասում էին, որ իրենց գյուղում վարչապետի խնամին է հէկ կառուցում, թե որն է նրանը' չգիտեին:

«Գողթանիկ» հէկը կառուցող «Հ.Հ. Ն. Մ. Ս.» ՍՊԸ-ն գրանցվել է 2011-ի հուլիսին: Ըստ ՀՀ ԱՆ պետռեգիստրի տվյալների' հիմնադիրը Հայկ Սուվարյանն է: Հայկ Սուվարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան է' ավագ դստեր' Նաիրա Սարգսյանի ամուսինը: Հայկ Սուվարյանը «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենն է:

Ճշտելու համար, թե արդյոք ինքն է զբաղվելու հէկի աշխատանքներով, և ինչու՞ ՍՊԸ-ից լսումներին որևէ մեկը չի մասնակցել, փորձեցինք կապ հաստատել Հայկ Սուվարյանի հետ: Ֆեյսբուքի միջոցով մայիսի 14-ին մեր գրած նամակին Հայկ Սուվարյանը չպատասխանեց: Զանգահարեցինք նրա բջջային հեռախոսահամարին եւ ներկայացանք որպես «Հետքի» լրագրող: Լսելով դա՝ Հայկ Սուվարյանն անմիջապես անջատեց հեռախոսը եւ հաջորդող զանգերին այլևս չպատասխանեց:

Առաջին լուսանկարը` Հայկ Սուվարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (5)

Գևորգ
Հետաքրքիր է, ՀԷԿ-ի կառուցումից հետո վարչապետն իր հետագա հայտարարագրերում կնշի այս և նմանատիպ ,իր մտերիմների անունով ձևակերպված գույքի մասին,թե ինչպես միշտ կբավարարվի միայն հնամաշ ՎԱԶ -06 -ով:
Armen
Ամոթ է, ամոթ: Տղամարդ է պետք լինել, ամեն ինչի պետք է ինքնուրույն հասնել: Մարդիկ տարիներով տանջվում են, որ այս երկրում մի բանի հասնեն, իսկ այս երիտասարդի համար ամեն ինչ իր տեղը անում են: Պապան (Կենտրոնական բանկում վարչության պետ) բանկում գործի է տեղավորել, աներն էլ բիզնեսն է առաջ բրդում: Դրա համար էլ մարդիկ թողնում հայրենիքից հեռանում են:
ԴԱՎԻԴ
Երանի նրանց, ովքեր կարողանում են գոնե լքել այս ժամանակավոր սեփականաշնորհած պետությունը և հեռանալ: Ես ինչ անեմ, երբ խլել, թալանել, բզկտել են ու արգելել երկրից հեռանալ: Շուտով 6 րդ ուսումնական տարին է սկսվելու, ես զրկված եմ դպրոցից:Տանը պատանդ ենք;Իմ տառապանքից հաճույք են ստանում; Երանի եմ տալիս բոլոր նրանց, ովքեր փախել են: Ցմահ ենք լքելու, միայն մեծն Սերժ իմաստունը թույլ տա;
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինձ ամենաշատը զարմացնում և տխրեցնում է այն,որ Հայաստանում համարյա ոչ մի բան ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ու ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ տեսանկյունից չի դիտվում: Օրինակ, Սյունիքի հանքերի արտադրությունը գռռցրել եռա-քառապատկել են: Ինչ ՍԽԱԼ ու ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ որոշում-ՄԱՍՆԱՎՈՐ շահույթի մանիա: Մի-երկու սերունդ հետո կլինեն ԴԱՏԱՐԿ ՀԱՆՔԵՐ ու ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ էկոլոգիա: Նույնն էլ այս ՀԷԿ-րը. ԷԼ ՋՈՒՐ ՉԻ ՄՆԱ գյուղատնտեսության համար: Կունենա(ն)ք լույս ունեցող ԿՈՐԾԱՆՎԱԾ գյուղ,կոտրած ճախարակ,խոպանչու խաչաԴՈՂյան հուշեր ու օլիգարխային ՉԱՂ բանկի հաշիվ- հավանաբար գաղտնի/տուրքերից լվացված: Այսինքն, ունքի մազերը քանդում ու «բեղ» են կպցնում: ՀԱՆՔԵՐԸ ՄԵՋ-ՄԵՋ արին. էլ հանք չկա: Հիմա ԳԵՏԵՐԻՆ են առևանգում: Աստծու ջուր? Միամիտ չլինեք- հազարավոր մեռած մարդու «ընտրության քվե ստացածների»» համար գետի ջրին փռռցնելը հեչ բան ա: ՀԻԵՆԱՆ մինչև 150 կգ միս լցնում է իր ստամոքսը,երբ որ 5 կգ-ով ԼՐԻՎ կշտանում է: ՀՀԿ-ի Հայաստանը նույնիսկ արդեն օլիգարխային էլ չէ: Ես արդեն ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՄ դրանց նկարագրելու : Իսկ որ ՎԱՂՈՒՑ արդեն ժամանակն է Հայաստանի բնական հարստությունները ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ, սրանում ես ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՄ: Դրանց ՈՍԿԵ ՁԿՆԻԿ Ղարաբաղին անգամ շուտով ոչ մի ՀՀԿ-ային,կներեք ՀԷԿ-ային գետում չեք տեսնի: Հա,միգուցե բար պայթեցնողներով ոգևորված մի երկու դաշնակ եղբայր մտնեն առևանգված գետերի մեջ լողանան ու «պատահմամբ» ոսկի գտնեն. կասեք Լ.Տեր-Պ.-նն էր թաքցրել գետում:
Hay_Axchik (NeNe)
3. ԴԱՎԻԴ, inch zarmanali e.... :( es el em uzum lqel u heranal,, bayc ur gnam? Ari irar het gnanq.... es el drsum voch mek chunem.... es karox em gnal uxaki menaki harcna....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter