HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խոշորացված համայնքների «քրեական անցյալով» վարչական ղեկավարները

Արմավիրի մարզում համայնքի ղեկավարներին չի խանգարել պատասխանատու պաշտոններում նշանակել անձանց, որոնք դատապարտվել կամ այժմ մեղադրվում են հանցավոր արարք կատարելու համար: Խոշորացված համայնքներում նշանակված վարչական ղեկավարների մի մասը այդ գյուղերի համայնքապետերն են եղել և անցել են քրեական գործերով, որոնք վերաբերել են յուրացումներին, փաստաթղթեր կեղծելուն, կաշառքի միջնորդ դառնալուն և նմանատիպ այլ արարքներին: Այժմ էլ կան վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալ, ովքեր մեղադրվում են յուրացման կամ պաշտոնական անփութության մեջ:

Մեծամոր խոշորացված համայնք

«Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանի քրեական գործերին, ով համայնքների խոշորացումից հետո նշանակվել է նույն գյուղի վարչական ղեկավար:

Դեռևս 2019թ.-ին գրել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել 550.000 դրամ տուգանքի:

Ըստ դատավճռի՝ Մկրտչյանը համայնքի հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացված պարարտանյութից 2015-2016թթ. ընթացքում յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած 8 անձանց անվամբ ստացված խոշոր չափի՝ 598.000 դրամ արժեքով 4980 կգ պարարտանյութ։

Բացի այդ, Գրիգոր Մկրտչյանը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերված ընդհանուր՝ 112 պարկ ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները՝ 672,000 դրամ, չի փոխանցել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը ևս։

Դրանից հետո, Գրիգոր Մկրտչյանն, իր կողմից պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ Նալբանդյան համայնքում պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ: Տեղեկանքում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ շահառուները, ծրագրի շրջանակներում ստանալով 1 մլն 270 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ ընդհանուր 10.580 կիլոգրամ պարարտանյութը, դրա դիմաց վճարում չեն կատարել, և կեղծ փաստաթուղթ հանդիսացող նշված տեղեկանքը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։

Գրիգոր Մկրտչյանը դատապարտվել էր նաև 2013թ.: Նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և ղեկավարել այն:

Անձամբ կազմակերպել է Նալբանդյան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման և լվացման ավազի վաճառքի գործընթացը, որի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր տնտեսվարող ընկերությունների ղեկավարների, կամ նրանց ներկայացուցիչների հետ լվացված ավազի մատակարարման, դրա արժեքի և վճարումների հետ կապված հարցերի շուրջ: Բացի այդ՝ գնորդ ընկերությունների ներկայացուցիչներին անձամբ տրամադրել է լվացված ավազի վաճառքի դիմաց հաշվապահական փաստաթղթեր:

Այդպիսով, չարամտորեն խուսափել են պետական բյուջե վճարել մոտ 7 մլն 326 հազ. դրամի հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները: Դատարանը Գ. Մկրտչյանին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն կիրառելով համաներում՝ ազատել է պատժի կրումից:

Արմավիր գյուղի վարչական ղեկավար է նշանակվել 2002թ-ից նույն գյուղի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռաֆիկ Մարգարյանը:

Ռ. Մարգարյանն այժմ մեղադրվում է այն բանի համար, որ 2017-2021թթ․ ընթացքում յուրաքանչյուր տարի բարձրագույն կրթություն չունեցող Ռուզաննա Սարգսյանին նշանակել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի «Արմավիրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն և վերջինիս օժանդակությամբ կատարել է ընդհանուրը 1 մլն 875 հազար դրամ գումարի վատնումներ:

Քրեական գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2021թ. դեկտեմբերին. քննությունը շարունակվում է:

Ռաֆիկ Մարգարյանը մեղադրյալի աթոռին հայտնվել է նաև 2019թ-ին: Ըստ մեղադրանքի՝ Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում, միասնական դիտավորությամբ, 2014-2017թթ. ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի ցուցակները, Ռաֆիկ Մարգարյանն անձնական դրդումներով հաստատել է իր ստորագրությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել է խոշոր չափի՝ մոտ 565 հազար դրամ գումար:

Նա ընդունել է մեղադրանքը և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. մայիսի 29-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենք ընդունելու հիմքով:

Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Ջանֆիդա համայնքի վարչական ղեկավար է նշանակել մինչև խոշոացումն այդ համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանին: Վերջինս 2019թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է կաշառքի միջնորդության, միջնորդության փորձի համար, սակայն համաներմամբ ազատ արձակվել:

Ըստ դատավճռի՝ 2017թ. հունվարին Կամսար Ղորղանյանը ծանոթ, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Ա. Խ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել կաշառքի դիմաց իր միջնորդությամբ վերջինիս որդուն՝ Արցախի Հանրապետության X զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Խ-ին, բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման տեղափոխելու վերաբերյալ։

Համաձայնության գալուց հետո` 2017թ. հունվարին, կաշառքի առարկայի բնույթի և չափի վերաբերյալ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելով, նշվածի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր մտերիմ, միջնորդ ԱՀ Շուշի քաղաքի բանկիչի հետ: Այնուհետև, Ա. Խ-ից կաշառքի առարկա հանդիսացող 600.000 դրամը երկու փուլով ստացել է անձամբ:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարը վերածել է ԱՄՆ դոլարի, ապա` 1.200 ԱՄՆ դոլարը 2017թ. մարտին Երևան քաղաքում փոխանցել է այլ անձի:

Բացի այդ, Կամսար Ղորղանյանը 2017թ. փետրվարին հեռախոսազրույց է ունեցել իր մտերիմ, Արմավիրի մարզային փրկարար վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնը զբաղեցնողի հետ: Վերջինս, զրույցի ընթացքում տեղեկանալով, որ Կամսար Ղորղանյանի համագյուղացին ցանկանում է աշխատանքի ընդունվել Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկում` նյութական շահ ստանալու ակնկալիքով, առաջարկել է այդ գործընթացը կազմակերպելու համար տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառք տալու միջոցով աշխատանքի ընդունվելու հարցը լուծելու հնարավորություն ունենալու մասին Կամսար Ղորղանյանը հայտնել է համագյուղացուն, նշել, որ աշխատանքի ընդունման հարցը կաշառք տալու դեպքում կարող է լուծվել առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամկետում` այդ կերպ համոզելով Ազատ Աբրահամյանին խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` նրա մոտ առաջացնելով հանցանք կատարելու վճռականություն:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. փետրվարի 7-ի դատավճռով Կամսար Ղորղանյանը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում և ազատվել է պատժի կրումից:

Խոյ խոշորացված համայնք

Զարզանդ Գրիգորյանն Արշալույս համայնքի ղեկավարն էր՝ մինչև համայնքների խոշորացումը: Դրանից հետո Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի կողմից նշանակվել է Արշալույս գյուղի վարչական ղեկավար:

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել Զարզանդ Գրիգորյանին: Քրեական գործը 2020թ-ից քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ Զարզանդ Գրիգորյանն Արշալույս համյանքի ավագանու անդամ Ասատուր Սերոբյանի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջ՝ Կարինե Ֆիդանյանին 2014թ. նշանակել է «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում: Մինչդեռ վերջինս չի ունեցել բարձրագույն կրթություն:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Զարզանդ Գրիգորյանը Կարինե Ֆիդանյանին նշանակել է «Արշալույս մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանգիր, համաձայն որի՝ Կարինե Ֆիդանյանը հիշյալ և «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում պաշտոնավարել է մինչև 2018թ. հուլիսի 11-ը:

Բաղրամյան խոշորացված համայնք

Կիրակոս Սաղաթելյանը նույնպես Տալվորիկ գյուղի ղեկավարից դարձել է նույն գյուղի վարչական ղեկավար:

Նա արդեն երկու անգամ ձեռք է բերել ամբաստանյալի կարգավիճակ: 2008թ. նա դատապարտվել է պաշտոնական կեղծիքի համար, այն է՝ 2008թ. մարտ ամսին անձնական դրդումներից ելնելով «Տագգատէ» ՍՊԸ-ի պահակ Հուսիկ Մանուկյանի հետ բարիդրացիական հարաբերությունները չփչացնելու համար նրա խնդրանքով կազմել է տվել և նրան հանձնել իր կողմից ստորագրված ու կնիքված կեղծ տեղեկություն պարունակող տեղեկանք, թե իբր Մանուկյանը ամսեկան 10.000 դրամով վարձակալությամբ բնակվում է Տալվորիկ գյուղի բնակիչներից մեկի տանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. վճռով Կիրակոս Սաղաթելյանը դատապարտվել է տուգանքի` 300.000 դրամի չափով։

Պաշտոնեական լիազորություններն անցնելու, յուրացնելու կամ վատնելու և պաշտոնական անփությության մեղադրանքով մեկ այլ գործ էլ այժմ քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ այդ մեղադրանքի՝ Կիրակոս Սաղաթելյանը, ունենալով համայնքի ավագանուն համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու առաջարկություն անելու իրավասություն, առանց մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության, 2018թ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ավագանու թիվ 18 արտահերթ նիստին ներկայացրել է և նույն նիստի արձանագրությամբ համայնքի ավագանու որոշմամբ հաստատել է 13 հա, 15 մլն 405 հազար դրամ կադաստրային արժեքով ջրովի վարելահողը որպես անջրդի վարելահող: Այդ հողը 2019թ մարտի 11-ին աճուրդի միջոցով 2 մլն 545 հազար դրամով օտարել է աճուրդի մասնակից Դավիթ Կասամանյանին` համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, Կ.Սաղաթելյանը աճուրդով 13հա հողատարածքը վաճառելուց հետո, Դ. Կասամանյանի կողմից տեղեկանալով հողատարածքի ընդերքում առկա խողովակների առկայության մասին, վերջինիս դիմումի համաձայն՝ 2019թ. հունիսի 21-ին տեղի ունեցած ավագանու նիստի թիվ 7 արձանագրությամբ քննարկել և հաստատել է տվյալ հողատարածքում ազբեստյա խողովակների հայտնաբերման դեպքում 200 գծամետր խողովակ համայնք տեղափոխելու և համայնքի կարիքների համար օգտագործելու համար: Այնուհետև, արդեն իսկ ավագանու որոշմամբ համայնքի կարիքների համար տրամադրված համայնքի սեփականությունն հանդիսացող թվով 50 հատ` ընդհանուր 200 գծամետր երկարությամբ խոշոր չափի 700.000 դրամ արժողության ազբեստյա խողովակները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, դրանք համայնքի հաշվեկշռում չի հաշվառել, տեղավորել է իր տան մոտակայքում: Խողովակներից 39-ը հայտնաբերվել է 04.09.2019թ կատարված դեպքի վայրի զննությամբ:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ տեղյակ լինելով համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհի ինքնակամ զավթման մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել այն կասեցնելու ուղղությամբ, ինչպես նաև այն իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել:

Արաքս խոշորացված համայնք

Արաքս համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը համայնքների խոշորացումից հետո նշանակվել է նույն գյուղի վարչական ղեկավար: Պաշտոնեական անփութության մեղադրանքով քրեական գործն Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկվել է այս տարվա հունիսի 8-ին և դեռ մեկ նիստ է կայացել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Գրիգորյանը դիտավորյալ միջոցներ չի ձեռնարկել համայնքին պատկանող հողամասի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 18.04.2019թ. հանձնարարագրով կատարված ստուգման ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող հողատարածքը զավթվել է քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից և այդ տարածքում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:

Վարդան Գրիգորյանն ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու լիազորություն, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել համայնքին պատկանող հողամասի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Բացի այդ, նույն տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարի 15-ին և փետրվարի 16-ին, մայիսի 31-ի Արմավիրի մարզի տարածքում՝ Արաքս գետի ավազանում, ինչպես նաև վարչական տարածքում իրականացված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող հողատարածքներ զավթվել են քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից և այդ տարածքում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:

Փարաքար  խոշորոցված համայնք

Կարապետ Արթենյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ Պտղունք համայնքի ղեկավարի տեղակալն էր:

Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Քրեական գործը 2021թ-ից քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Արթենյանը տեղյակ լինելով մի շարք հողամասերի առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի միավորելու, ինքնակամ կառուցված կառույցների և համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհների զավթման մասին որևէ միջոց չի ձեռնարկել: Քայլեր չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 1302,81քմ մակերեսով շինության օրինականացնելու ուղղությամբ, դրա օրինականացման համար վճարվելիք 2 մլն 403 հազար դրամ գումարն համայնքի բյուջե չի մուտքագրվել, այդ կերպ էական վնաս պատճառելով Պտղունք համայնքի օրինական շահերին:

Բացի այդ, Կ. Արթենյանը ինքնակամ կառուցված առևտրի կրպակի կառուցման աշխատանքների վերաբերյալ տեղյակ լինելով, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 294,528քմ մակերեսով շինության օրինականացնելու ուղղությամբ, դրա օրինականացման համար վճարվելիք 1 մլն 237 հազար դրամ գումարն համայնքի բյուջե չի մուտքագրվել:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Արթենյանը որևէ քայլ չի ձեռնարկել «Լայթ Հաուս» բարեգործական հիմնադրամին օգտագործման իրավունքով հողատարարածքում ինքնակամ կառուցված 1848,9քմ մակերեսով հասարակական շինության օրինականացնելու ուղղությամբ, դրա օրինականացման համար վճարվելիք 7 մլն 765 հազար դրամ գումարն համայնքի բյուջե չի մուտքագրվել:

Նշենք, որ օգտվել ենք «Դատալեքս» տեղեկատվական պորտալում առկա տեղեկատվությունից և անդրադարձել ենք միայն պաշտոնավարման տարիներին կատարված արարքներին: Համայնքներում նշանակվել են վարչական ղեկավարներ, ովքեր դատապարտվել են ծեծկռտուքի համար և այլն, սակայն դրանք եղել են մինչև պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելը, կապ չեն ունեցել համայնքի կամ պետական միջոցների յուրացման, կեղծիքի, կաշառքի հետ, այդ իսկ պատճառով դրանց չենք անդրադարձել:

Հարկ ենք համարում նաև նշել, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter