HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վնասից հետո ապահովագրական ընկերությունները շահույթով են աշխատել 2022-ի առաջին կիսամյակում

Ապահովագրական ընկերությունները ավելի շատ գումար են հավաքագրել հաճախորդներից, միևնույն ժամանակ՝ նվազեցրել նրանց հատուցումները։ Արդյունքում շուկան 2021 թվականի անկումից հետո 2022 թվականի առաջին կիսամյակում ապահովագրական շահույթի զգալի աճ է գրանցել։ Այն ընկերությունները, որոնք նախորդ տարի վնասով են աշխատել, այս տարվա առաջին կիսամյակը շահույթով են փակել։

Հայաստանի վեց ապահովագրական ընկերությունները 2022 թվականի առաջին կիսամյակում մոտ 2.3 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել` մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում շուկան, ընդհանուր առմամբ, 131 մլն դրամի վնաս էր կրել։ 

Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակը գործող վեց ապահովագրականներն էլ փակել են շահույթով։ 

«Նաիրի ինշուրանս», «ՌԳՍ-Արմենիա», «Ինգո Արմենիա». շահույթով առաջատարները

Շուկայում շահույթով առաջատարը 2022 թվականի առաջին կիսամյակում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն է, որը 632 մլն դրամի զուտ շահույթ է գրանցել։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ այն 6.3 անգամ աճել է։ 

Հաջորդում է «ՌԳՍ-Արմենիա» ԱՓԲԸ-ն՝ 517 մլն դրամի շահույթով։ Նախորդ տարի ընկերությունը 477 մլն վնաս էր կրել։

Շահույթով երրորդ տեղում «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն է։ Շահույթը  կազմել է մոտ 493 մլն դրամ՝ շուրջ կրկնակի բարձր նախորդ տարվա նույն կիսամյակից։

Նախորդ տարվա առաջին կիսամյակի վնասից հետո այս տարվա առաջին կիսամյակը 281 մլն դրամի շահույթով է փակել «Ռեսո» ԱՓԲԸ-ն։

«Արմենիա ինշուրանս» ԱՍՊԸ-ն մոտ 245 մլն դրամի շահույթ է ապահովել, աճը՝ 18%:

Շահույթի ծավալով վերջին տեղում «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ-ն է՝ 105 մլն դրամով։ Նշված ընկերությանը ևս հաջողվել է նախորդ տարվա վնասից հետո այս տարին շահույթով սկսել։ 

Ապահովագրական շուկայի շահույթի աճը պայմանավորված է հաճախորդներից հավաքագրվող գումարների աճով։ Միևնույն ժամանակ, նվազել են հաճախորդներին հատուցումները։

Այսպես, 2022 թվականի առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունները, ընդհանուր առմամբ, հավաքագրել են ավելի քան 32 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է մոտ 27%-ով։

Նույն ընթացքում համախառն հատուցումները կազմել են շուրջ 15 մլրդ դրամ՝ նվազելով մոտ 5%-ով։

Համախառն ապահովագրավճարների գծով շուկայի առաջատարներն են «Ինգո Արմենիա»-ն, «ՌԳՍ-Արմենիա»-ն և «Նաիրի Ինշուրանս»-ը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ապահովագրական շուկայի  միտումներն այլ էին՝ հատուցումներն ավելի արագ էին աճում, քան ապահովագրավճարները։ Արդյունքում, նվազել էր ոչ միայն շուկայի ընդհանուր շահույթը, այլև՝ ընկերությունների մի մասը վնասով էր աշխատել։ Այս տարվա փետրվարից ապահովագրողները հայտարարեցին ԱՊՊԱ-ի սակագները բարձրացնելու մասին՝ հայտարարելով, որ հատուցումների աճի, պահեստամասերի գների ու ավտոտեխսպասարկման ծառայությունների գների բարձրացման ֆոնին չեն կարող շարունակել բնականոն աշխատանքը։

Թե որքանով է սա ազդել այս տարվա շահույթի աճի վրա և ապահովագրության որ դասերն են Հայաստանում գերակշռում, կանդրադառնանք առանձին հոդվածով։    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter