HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց է հրատարակվում

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով պատրաստել է զեկույց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի քաղաքական–իրավական ասպետկների մասին։
 
«Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» (“The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”) վերնագիրը կրող զեկույցում Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաև վրացահայության և ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախքահայ քաղաքական գործչի ձերբակալման և դատավարության, ինչպես նաև հետդատական գործընթացների պատմությունը։ 
 
Զեկույցում առանձին բաժին է նվիրված Չախալյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ  դատավարության ընթացքում և որոնք կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության և այլ իրավունքները։ Զեկույցի անգլերեն տեքստը կարելի է բեռնել այստեղից
 
Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին նա կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով: Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 
 
Զեկույցի հեղինակի մասին 
 
Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է` մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։ Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում` Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։ Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ` նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։ 
 
Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է  2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։ 
 
Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։
 
ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում դր. դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։ 
 
«Երկիր» միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter