HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՌԴ խաղաղապահ զորախումբն ավելացրել է դիտակետերի թիվն Արցախում

Ինչպես հայտնի է, օգոստոսի 30-ի 20։00-ից Հայաստան-Արցախ տրանսպորտային կապն ապահովվում է նոր ճանապարհով, որն անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ հին ճանապարհից ավելի հարավ ընկած տարածքով։ Այս ճանապարհը Հայաստանի սահմանային Տեղ-Կոռնիձոր տեղամասը կապում է Արցախի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանին եւ, անցնելով այս ենթաշրջանի Հին Շեն ու Մեծ գյուղերով, Տասը Վերստ գյուղի մոտ միանում Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ հին ճանապարհին։

Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ նոր երթուղու երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները, միաժամանակ այդտեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում Արցախի ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը։

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախումբն օգոստոսի 31-ի տեղեկագրում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։

Նկատենք, որ մինչ այս Արցախ-Ադրբեջան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունն իրականացվում էր 27 դիտակետի միջոցով։ Դրանցից 6-ը (թիվ 1, 2, 24, 25, 26, 27) տեղաբաշխված էին միջանցքի հատվածում։

Ընդ որում՝ օգոստոսի 27-ից, երբ Բերձոր քաղաքից, Ներքին Սուս եւ Աղավնո գյուղերից հայ բնակչությունն այլեւս տարհանված էր, ռուսական կողմի քարտեզներում չեն նշվել թիվ 25 եւ 26 դիտակետերը, որոնցից առաջինը գտնվում էր Աղավնոյից Մելիքաշեն ու Ծիծեռնավանք տանող ճանապարհին՝ Աղավնո գետի ափին, իսկ երկրորդը՝ Բերձորի հարեւան Քարեգահ գյուղի հյուսիսային հատվածում։ Փաստորեն, այդ դեպքում ստացվում է, որ մինչեւ օգոստոսի 30-ը միջանցքում եղել է 4 դիտակետ (թիվ 1, 2, 24, 27)։ 

Օգոստոսի 31-ի քարտեզում արդեն երեւում է, որ ոչ միայն դիտակետերի տեղակայումներն են որոշակի վերադասավորության ենթարկվել, այլեւ դրանց թիվը 27-ից հասցվել է 30-ի։ Ըստ քարտեզի՝ միջանցքի նոր երթուղու հատվածում են գտնվում թիվ 1 եւ 2 դիտակետերը։

Այդուհանդերձ, քանի որ զորախմբի կողմից հրապարակվող քարտեզներում անճշտությունները քիչ չեն, եւ դրանցում պարբերաբար փոփոխություններ են կատարվում, առայժմ վաղ է որեւէ մեկնաբանություն կամ եզրահանգում կատարելը։ 

«Հետքը» կհետեւի իրադարձությունների ընթացքին եւ կպատմի ՌԴ զորախմբի՝ Արցախում (այդ թվում՝ միջանցքում) հին ու նոր տեղակայումների մասին։

Լուսանկարը՝ արխիվային (2021 թ․ փետրվար)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter