«Սթարմուս» փառատոնն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 5-ին
Մի քանի օրից Հայաստանում կմեկնարկի «Սթարմուս» գիտաերաժշտական 6-րդ միջազգային փառատոնը։ Այն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Երևանում և մարզերում։ Փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից մոտ 40 խոսնակներ՝ աստղաֆիզիկոսներ, ինժեներներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, կվարեն քննարկումներ, դասախոսություններ և բանախոսություններ։
Փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ «Սթարմուսը» փառատոն չէ միայն գիտության մասին, այն սերտորեն կապակցված է արվեստի ու երաժշտության հետ։
Սթարմուսի շրջանակում ելույթ են ունենալու հայ և օտարազգի 20 արտիստներ և խմբեր։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք «Another world» խորագրով համերգային ծրագրին մասնակցելու է «Քուին» (Queen) խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։
««Սթարմուս» փառատոնի ժամանակ նախատեսվող կամ արդեն կայացած համերգները եզակի են ու չեն կրկնվելու։ Մեր նպատակն է նմանատիպ փառատոնների միջոցով վերացնել գիտության ու արվեստի մեջ եղած անջրպետը»,-ասում է Գարիկ Իսրայելյանը։
Մինչ այս «Սթարմուս» փառատոնը 3 անգամ անցկացվել է Կանարյան կղզիներում, Նորվեգիայում և 2019-ին՝ Շվեյցարիայում։ Եռամյա դադարից հետո առաջին անգամ այն կանցկացվի Հայաստանում։
«2019-ից հետո միտք ունեինք «Սթարմուսը» Հայաստան բերել, բայց սկսվեց կորոնավիրուսը, հետո պատերազմը ու այս տարի երկար դադարից հետո, ի վերջո, կարողացանք կազմակերպել այն»,-նշում է փառատոնի հիմնադիրը։
Յուրաքանչյուր տարի փառատոնի ընթացքում գիտության կամ արվեստի այն ներկայացուցիչները, ովքեր նպաստել են հասարակության և գիտության սերտացմանը, արժանանում են Սթիվեն Հոքինգի անվան մեդալին։ Մինչ այս պահն այս մեդալով պարգևատրվել է 3 ֆիլմ և 7 մարդ՝ ներառյալ Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։
Սթիվեն Հոքինգի անվան մեդալի այս տարվա հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 5-ին՝ «Sonic Universe Concert» -ի ժամանակ։
Մեկնաբանել