HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմը խլեց որդուն և հայրենի գյուղը

2020թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութի շրջանի Տող գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գյուղի համար մղված մարտերում գյուղացիներից զոհեր չեն եղել։ Պատերազմին Տողից 9 ժամկետային զինծառայող է մասնակցել, ռազմաճակատի տարբեր հատվածներում: 

Նրանցից Ժորա Սահակյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանում գտնվող Ուրյան բարձունքում: 

Վահիդ Սահակյանը Տող համայնքի գլխավոր հաշվապահն էր։ Ժորան Սահակյանների ընտանիքի առաջնեկն էր։ Ժորա Սահակյանը զորակոչվել էր 2019 թ.-ի հուլիսին, ծառայում էր 5-րդ պաշտպանական շրջանում, Մարտակերտի զորամասում։

 «Ծառայությունից չէր դժգոհում, միշտ ասում էր` ամեն ինչ լավ է»,- պատմում է Ժորայի հայրը։

Պատերազմը սկսվելու օրը՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, Վահիդ Սահակյանը Տողում էր կնոջ և երկու դուստրերի հետ, որդին՝ Մարտակերտում ծառայության։

«Տանն էի, պայթյունների ձայնը լսեցի, հասկացա, որ պատերազմ է։ Գնացի գյուղամեջ, անմիջապես սկսվեց գյուղի մոբիլիզացիան։ Գյուղապետn այդ ժամանակ Երևանում էր, տեղեկացրինք իրավիճակը, հրահանգեց ցուցակները ՄՈԲ-ի կազմել մինչև իր հասնելը։ Մոտ 20 հոգի գյուղից ՄՈԲ է ձևավորվում ու գնում են Հադրութի զինկոմիսարիատ։ Այնտեղից ուղարկում են դիրքեր՝ Տող գյուղից արևելք մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող, Կարախանբեյլիից մինչև Քյուրդեր կոչվող տեղամաս։ Հոկտեմբերի 11-ին գալիս են Տող, երեք օր հետո գյուղի Կավաք կոչվող բարձունքի վրա կրակոցներ են լսվում, ադրբեջանական ուժերը մոտենում էին: Գյուղի` Քարքարաբանդ էին ասում, էդ տեղամասում ՊՆ խաղաղապահ զորքի գումարտակի հետ մեր ՄՈԲ-ի տղերքը դիրքեր են զբաղեցնում, հոկտեմբերի 17-ից արդեն գյուղի աշխարհազորը Տողում էր տեղակայված։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանցիները հասան Տող, մեկ օր դիմադրեցինք, բայց չկարողացանք պահել գյուղը»,-պատմում է Վահիդ Սահակյանը.

Պատերազմի առաջին օրվանից Վահիդ Սահակյանն ամեն օր խոսում էր որդու՝ Ժորայի հետ, որի գումարտակը Մարտակերտում մարտական գործողությունների էր մասնակցում։ Հոկտեմբերի 23-ից գումարտակը տեղափոխվում է Մարտունի։

«Հետը որ խոսում էի, ասում էր՝ պապ, մենք ընենց կարևոր դիրք ենք պահում, որ էս հանձնենք, մտնելու են քաղաք։ Չգիտեմ՝ քաղաք ասելով ինչ նկատի ուներ՝ Ճարտա՞ր, թե Մարտունի։ Բայց էն, որ էդ ժամկետային զինծառայողները մինչև վերջ իրենց առաջադրած խնդիրը կատարել են, էդ հաստատ է»,-հիշում է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 24-ի գիշերը լույս 25-ին Մարտակերտի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտը, որտեղ ծառայում էր Ժորան, դիրքավորվում է Մարտունու Ուրյան բարձունքի վրա։ Այնտեղ 90-ականներից մնացած դիրքեր էին, նոր դիրքեր չէին հասցրել փորել. հոկտեմբերի 25-ից մտել են մարտի մեջ:

«Ուրյան բարձունքը քաչալ բլուր է, ո՛չ ծառ գոյություն ունի, ո՛չ քար ու անընդհատ անօդաչուներն էլ վերևը, օդը՝ բաց, տղերքը դարձել են բաց երկնքի տակ նշանակետ, բայց քանի անգամ հետ են մղել ադրբեջանցիների հարձակումը։ Հակառակորդը տեսել է, որ չի կարողանում, հետ է եկել ու հրետանի է սկսել աշխատացնել»,- պատմում է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 27-ի գիշերը լույս 28-ին Ուրյան բարձունքում զոհվում է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը։ Վաշտն առանց հրամանատարի շարունակում է պահել դիրքը։ 

«Առանց հրամանատարի, առանց նորմալ փորված դիրքերի նրանք մնացել են մինչև վերջ։ Հիմա եմ մտածում՝ երևի երդվել էին իրար չթողնել դիրքը, ինչ էլ որ լինի, նույնիսկ կյանքի գնով պահել այն»,- ասում է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 30-ի երեկոյան, ժամը 6-ի սահմաններում Ուրյան բարձունքի դիրքում ավիահարվածից զոհվում է 19 զինծառայող, որոնց մեջ էր Ժորա Սահակյանը։

19 զոհվածներից 17-ը Մարտակերտի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի զինծառայողներ էին, 2-ը՝ «Մարտունի 2»-ից (2-րդ պաշտպանական շրջան)։ Պատերազմից հետո՝ 2020թ.-ի նոյեմբերի 18-ին, որոնողական ջոկատները Ուրյան բարձունքից դուրս են բերում զոհված զինծառայողների  աճյունները։ Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով նույնականացվում է Ժորա Սահակյանի մարմինը, դեկտեմբերի 16-ին նրան հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

«Վերջին անգամ Ժորային տեսել եմ 2020թ.-ի սեպտեմբերի 6-ին իրենց զորամասում, փոխվել էր, լրիվ ուրիշ մարդ ոնց որ լիներ, լրջացել էր, կատակներ էլ չէր անում, էդ մեր վերջին հանդիպումն էր»,- պատմում է Ժորայի մայրը՝ Մանան Սահակյանը:

Ժորա Սահակյանի վերջին հեռախոսազրույցը մոր հետ եղել է հոկտեմբերի 30-ին, ժամը 12։50-ին։ Մանան Սահակյանը հիշում է որդու զոհվելու օրը․ «Էդ օրը երազ էի տեսել, Ժորան անտառում բարձր գոռաց՝ մա՛մ, էդ ձայնից զարթնեցի, էդ ձայնը միշտ ականջիս մեջ է։ Զանգեցի, ասեց՝ սաղ լավ ա, մամ ջան։ Նույն օրը երեկոյան՝ ժամը վեցի մոտ, Ուրյան սարի վրա զոհվեց Ժորաս»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter