
Մեկնարկում է «Մեկ կադր-մեկ րոպե» միջազգային փառատոնը
Այս տարի այն ընդգրկում է բոլոր մարզերը
Այս տարի «Մեկ կադր-մեկ րոպե» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկում է մայիսի 24-ից եւ տեւելու է մինչ մայիսի 31-ը: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն ինչպես մրցութային, այնպես էլ արտամրցութային ֆիլմեր, որոնք ներկայացնում են Հայաստանի եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Փառատոնի այս տարվա սպասելիքների եւ ձեռքբերումների մասին զրուցեցինք ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի ղեկավար, «Մեկ կադր-մեկ րոպե» միջազգային փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէի հետ:
«Մեկ կադր-մեկ րոպե» փառատոնն արդեն երկար տարիների պատմություն ունի: Ի՞նչ հաջողություններ ունի փառատոնը. արդյոք կարողացե՞լ է հասնել բուն նպատակին:
Այս տարի լրանում է «Մեկ կադր-մեկ րոպե» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի 10 –ամյակը: Երևի հենց դա էլ յուրահատկությունն է, որ կարողացանք հասնել այս կլոր տարեդարձին: Դիմացանք շատ փորձությունների ու հետևողականորեն հավատացինք, որ մեր աշխատանքը օգտակար է մեր հասարակության, համաքաղաքացիների համար:
Փառատոնը սկսվեց մի շրջանում, երբ Հայաստանը հանրահայտ տնտեսական, հասարակական, քաղաքական ճգնաժամի ներսում էր: Հնարավոր լավատեսության ու առաջադիմության նախաձեռնություն էր առաջին քայլը` 2003թ.-ին:
Բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ մասնակցել են փառատոնին, շատերի համար նաեւ առաջին փորձն է եղել ֆիլմարտադրության ոլորտում…
Մեր հաջողությունը, ձեռքբերում հեղինակների` վիզուալ արվեստում հաստատվելու, առաջ քայլելու մղումն ու ձգտումն է: «Մեկ կադրը» գաղափարական ֆորում է ու միտված է դեպի հեղինակը, դեպի հեղինակի ազատ ինքնարտահայտման, ազատության հանդեսը: «Մեկ կադրի» գերակա բովանդակությունը էկրանից հոսող նոր խոսքն է. կուլիսներ չկան:
Տարեցտարի փառատոնն իր առջեւ նոր խնդիրներ է դնում: Ո՞րն է այս տարվա խնդիրը, ինչո՞վ է տարբերվում մնացյալ փառատոններից:
Հատկապես այս տարվա համար չափազանց կարևոր է մարզերի մասնակցությունը, որ հնարավոր դարձավ ԵՀՀ դրամաշնորհի միջոցով ու մեծ աջակցությամբ: Սա տարիների երազանք էր, որ այսօր արդեն իրողություն է: Իսկապես, հնարավոր է Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Մարտունիում և այլուր նմանօրինակ ֆորումների ստեղծումը... Դա միջավայր ձևավորող թարմություն կարող է բերել մեր քաղաքներին:
Այստեղ կարող եք գտնել այս տարվա «Մեկ կադր-մեկ րոպե» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մեկշաբաթյա ծրագիրը:
Մեկնաբանել